Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ 23 տարի շարունակ եթեր հեռարձակված «Մարտիկ» հաղորդաշարը փակվել է: Հաղորդաշարի հիմնադիրը, ծրագրի հեղինակը և ղեկավարը ՀՀ վաստակավոր լրագրող, պահեստազորի գնդապետ Սեյրան Շահսուվարյանն է։
Yerkir.am-ի հետ զրույցում Շահսուվարյանը հայտնեց, որ այժմ Մեղրիում է` գործուղման, և հաղորդման փակվելու մասին լուրը ճշտել է Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից` հեռախոսազրույցի միջոցով: «Խոսեցի Ջաղինյանի հետ, և նա ասաց, որ հաղորդումն այլևս եթեր չի գնալու: Ոչ մի պատճառաբանություն չնշեց, ուղղակի ասաց, որ շատ է ցավում, բայց այսուհետ եթեր չի գնալու այն: Իսկ մինչ այդ հաղորդման ռեժիսորը հաղորդումները պատրաստում էր, տալիս Հ1-ին, բայց եթեր չէին հեռարձակում, իսկ Հ1-ի ծրագրերի տնօրենն ասում էր` նպատակահարմար չեն գտնում դրանք հեռարձակել»,- նշեց Շահսուվարյանը:
Հաղորդման հեղինակը նշում է, որ եթե իրենց` 23 տարվա հաղորդաշարն արժեք չունենար, հասկանալի կլիներ, բայց «Մարտիկը» երկու կարևոր խնդիր է լուծում: «ՀՀ նախագահը մտավորականներին տարավ Ղարաբաղ ու ի լուր աշխարհի ասաց` եկեք ու բանակին մոտիկ եղեք: Մենք այդ ամենն անում ենք 23 տարի. մտավորականը մեզ հետ գալիս է զորամաս ու մի քանի օր անցկացնում զինվորի հետ, և խնդիրն այն է, որ երկու կողմն էլ գոհ են մնում. մտավորականն ասում է` իր կյանքի լավագույն օրն էր, իսկ զինվորի մայրը սպասում ունի, որ մի օր հենց իրենց տուն ենք այցելելու: Բացի այդ` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ խոսում է ազգ-բանակ հարաբերության մասին, և մենք էլ մեր հերթին փորձում ենք այդ կապն ամուր պահել»,- ասաց Շահսուվարյանը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ դեկտեմբերին պաշտպանության նախարարության կողմից «Մարտիկը» պարգևատրվել է ապրիլյան քառօրյա պատերազմում ամենաակտիվ մասնակցությունն ունենալու համար. այդ շրջանում «Մարտիկը» 16 հաղորդում է պատրաստել:
Հարցին, թե հնարավո՞ր է` Վարդան Պետրոսյանի` հաղորդմանը մասնակցելուց հետո է այն փակելու որոշումը կայացվել, քանի որ բուռն արձագանք ուներ /թեև պարզվեց, որ դերասանի` ադրբեջանցիներին հայհոյելու կադրերը խաղարկային են եղել/, Շահսուվարյանը պատասխանեց, որ հաղորդումը փակելու մասին խոսակցությունը եղել է դեկտեմբերի վերջին: «Չէ, այդ թողարկման հետ որոշումը կապ չունի: Սա ուղղակի բանակի 25-ամյակին նրանց «նվերն» է»,- ասաց նա:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն էլ մեզ հայտնեց, որ իրենք այժմ ուսումնասիրում են հարցը: «ՊՆ-ն հաղորդմանն ուղղակի աջակցել է, ինչպես մի շարք այլ հաղորդումների: Հեռուստաընկերություններն ունեն սեփական քաղաքականությունը, և մենք չենք կարող խառնվել նրանց ներքին գործերին»,- ասաց նա:
Հանրային հեռուստաընկերության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանն էլ նշեց, որ «Մարտիկը» եթեր չի գնալու այս տարվանից. 2016-ի դեկտեմբերին ստեղծագործական խմբի հետ ավարտվել է աշխատանքային պայմանագիրը: «Պատճառն այն է, որ հեռուստատեսությունը դինամիկ զարգացող կառույց է, և մենք նպատակ ենք հետապնդում ավելի հետաքրքրացնելու համար ՊՆ-ի հետ իրականացնել նոր նախագծեր, ռեսուրսները, որոնք ծախսում էինք «Մարտիկի» վրա, օգտագործել առկա և սպասվող նոր հաղորդաշարերի համար: Մենք այս պահին առնվազն 5 նախագիծ ենք իրականացնում` «Զինուժը», «Նվիրյալները», «Իմ բանակը»… Մենք նպատակ ենք հետապնդում «Զինուժի» վրա ավելի շեշտադրումներ անել և բարձրացնել հետաքրքրությունն այս հաղորդման նկատմամբ»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց նաև, որ «Մարտիկ»-ի փակման մեջ որևէ ենթատեքստ պետք չէ փնտրել, ավելին` իրենց երախտագիտությունն են հայտնում Սեյրան Շահսուվարյանին` այս ընթացքում համագործակցության համար: «Բացի այդ` մենք «Մարտիկի» ստեղծագործական թիմին տեխնիկապես և հայեցակարգային օգնություն ենք ցուցաբերել, որ հետաքրքրությունը մեծանա հաղորդման նկատմամբ, սակայն արդյունքներն այն չեն եղել: Մենք բացասաբար ենք վերաբերվում թեմայի հետ կապված շահարկումներին, մանավանդ` Բանակի 25-ամյակին ընդառաջ: Մեր կոլեկտիվը բանակի մի մասն է. աշխատակիցներից շատերը ծառայում են»,- ասաց Հակոբյանը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ էլ անձամբ զրուցել չհաջողվեց. նախ ասաց, որ զբաղված է, իսկ հետո մեր զանգերը պարզապես մնացին անպատասխան:
Նշենք, որ հաղորդումը ստեղծվել է գործող ՀՀ նախագահ, 1993-ից 1995 թվականներին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ցուցումով (առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1994 թվականի ապրիլի 7-ին): Ի դեպ, պարզ չէ` ինչ է լինելու հաղորդման վարողի` շարքային Վաչե Երիցյանի «ճակատագիրը»:
Կ. Հ.