կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 16:49
Հասարակություն

Բարեկամավանի վրա հակառակորդն առաջին անգամ չէ, որ կրակում էր

Բարեկամավանի վրա հակառակորդն առաջին անգամ չէ, որ կրակում էր

Բարեկամավանի վրա առաջին անգամ չէ, որ հակառակորդը կրակում է, ուղղակի այս անգամ գնդակոծության մասշտաբն ավելի մեծ էր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը, երբ լսեց մեր դիտարկումը, թե Բարեկամավանի գնդակոծության  մասին առաջին անգամ հունիսի 27-28-ին լուրեր թափ առան` հիմնականում:

 

«Մեր գյուղի մասին առաջին անգամ կրակոցների առումով շոշափվեց, որովհետեւ դրանց մասին երբեք չենք ասել, ինչի՞ համար ավելորդ ասենք, ովքեր պետք է, անմիջապես տեսնում են ու տեղյակ են: Օրինակ' զորամասի զինվորները' հրամանատարի գլխավորությամբ, անընդհատ մեր կողքին կանգնած են եղել ու կանգնած են: Դե, նրանք ի՞նչ անեն, ադրբեջանցիք կրակում են, մերոնք էլ  համարժեք պատասխան տվեցին... Բայց դե կրակում են, ինչ անենք: Ուղղակի այս անգամ շատ այլ կերպ ընթացավ, այլ տեղերից էլ մարդիկ կային գյուղում, ու այդ լուրն այդպես մեծացավ, հնչեղություն ստացավ»,- նշեց Գագիկ Աբազյանը:

 

Գյուղի ուղղությամբ հակառակորդը պարբերաբար կրակում է, վերջին անգամ' 15-20 օր առաջ, բայց այդ տրամաչափի զենքերից ու այդ քանակությամբ չէին կրակել Բարեկամավանի ուղղությամբ, այդպիսի մեծ մասշտաբի գնդակոծություն գյուղում չէր եղել. կրակոցները սկսվել էին ժամը 1-ից, բայց կարճ էին տեւել, հետո` ժամը մոտ 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանցիները շատ ակտիվ սկսել էին կրակել գյուղի  դպրոցի, տների ուղղությամբ...

 

Բարեկամավանի արոտները ամբողջությամբ այրվել են հակառակորդի կրակոցներից, գյուղում անասուն արածեցնելու համար էլ տեղ չկա, համագյուղացիներից մեկի հորթի վրա են կրակել ու սատկեցրել, բայց, այդուհանդերձ, ըստ գյուղապետի, գյուղացիների համար կրակոցները սովորական բան են դարձել, խուճապ չկա: «Ամեն ինչ լավ է, մենք էլ ենք լավ ու մարտական»,- ասաց նա: