Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է․ «Թշնամու պարբերական հոգեբանական ճնշումների ներքո, անիրական թվացող պայմաններում սարուշենցիները շարունակում են ապրել մասնատված, պատերազմի անթիվ զրկանքները կրած հարազատ գյուղում: Ավելին, եղած սուղ պայմաններում կարողանում են արարել, փխրուն խաղաղության պայմաններում էլ՝ երեխաներ մեծացնել: Փշալարից այս կողմ տարածքը հսկում են Արցախի ՊԲ զինվորները, հակառակորդի դիրքերը հստակ նկատվում են գյուղը շրջապատող արոտավայրերի ու դաշտերի տարածքում, որոնք գրեթե ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են: Գյուղը թշնամու դիրքերից օդայինով մոտ մեկ կիլոմետր է, ցամաքայինով՝ մոտ երկու:
Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը վստահեցնում է, որ գյուղացիներին թշնամու կրակոցները, որոնք հիմնականում հոգեբանորեն ճնշելու, հայաթափելու միտում ունեն, չեն վախեցնում: Պարզապես մարդիկ փաստի առաջ են կանգնում՝ զրկվում են ամենօրյա ապրուստի միջոցից, գյուղացիները հիմնականում հողագործությամբ են իրենց օրվա հացն ու ձմռան պաշարը կուտակում.
- Մինչեւ արոտավայրերի վրա թիրախային կրակոցներ արձակելը, թշնամին նախ մի քանի անգամ օդ է կրակում, հետո սկսում կրակահերթ արձակել: Թիրախավորում են հիմնականում Ամարասի տեղամասը, որտեղ տրակտորների աշխատելու ժամանակ կրակ են բացել: Վերջին անգամ կրակ բացելուց հետո հստակ պահանջել են, որ էդ տարածքները չմտնենք, ոչ մի հողագործական աշխատանք չանենք: Ադրբեջանցիների պահանջը մեզ փոխանցել են ռուս խաղաղապահները: Հարյուրից ավել հեկտարներ վառելահողեր ունենք, որոնց փաստորեն մոտենալ էլ չենք կարող: Մենք աշնանացան էինք անում՝ գարի, ցորեն էինք ցանում, հիմա ես չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վաղվա օրը...
Վերջին իրադարձություններն էլ գյուղացիների մոտ խուճապ չեն առաջացրել, պարզապես հարցն այն է, որ եթե գյուղացին հողագործությամբ, անասնապահությամբ չզբաղվի, էլ գյուղում մնալու է, որ ի՞նչ անի, էս է մեզ տանջող հարցը: Գյուղից պատերազմից հետո որեւէ մեկը չի հեռացել: Ունեցել ենք 350 հոգի, էսօր էլ այդքան են: Բոլորն էլ ուզում են ապրեն իրենց հողում, իրենց հողերը մշակեն: Բայց գնալով մեր շուրջ օղակը սեղմվում է, մեր վաղվա օրն է արդեն անորոշ, սա է ամենավատը, թե չէ կրակոց, էս, էն, դրան արդեն սովորել ենք, դրանով մեզ չեն հանի մեր գյուղից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։