կարևոր
1342 դիտում, 4 ամիս առաջ - 2023-11-15 13:20
Քաղաքական

Թուրքը կրակում է ՀՀ տարածքում, օտարերկրյա ներդրումների վրա․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը՝

«Քննարկվում է 2024թ պետական բյուջեի նախագիծը։ Հաջորդ տարի նախատեսվում է պետբյուջեի եկամուտների 10,5 տոկոս աճ՝ այն հասցնելով 2,67 տրիլոն դրամ կամ ՀՆԱ-ի 25,5 տոկոսը, իսկ ընդհանուր ծախսերը 3,017 տրիլիոն դրամ։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 48,4 տոկոս, որտեղ հաշվառված չեն ազգային արժույթի արժեզրկման, ինչպես նաև կանխատեսվող բարձր տնտեսական աճի ապահովման ռիսկերը։

Այս ականջահաճո խոստումների հիմքում ՀՆԱ-ի 7 տոկոս աճի կանխատեսումն է։ Վերջինիս իրատեսականության առումով հատկանշական են միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները, որոնք չեն անցնում 5 տոկոսը, ինչպես նաև օբյեկտիվ մեկ այլ հանգամանք, ըստ որի՝ նախորդ երկու տարիներին տնտեսական և գների բարձր աճ ապահովող գործոնները թուլանում են և մի պահից դադարելու են՝ առաջացնելով տնտեսական աճի լրացուցիչ էական դժվարություններ։ Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, պատահական, կարճաժամկետ գործոններին, որոք, ըստ էության, հանգեցրել են մեր երկրի տնտեսության կարճաժամկետ պահանջարկի թռիչքաձև աճի, բարձր տնտեսական աճի՝ բարձր գնաճային ֆոնով։

Տնտեսության կառուցվածքը և երկարաժամկետ աճի ներուժն էապես չեն փոխվում։ Ավելին՝ անվտանգային և արտաքին աշխարհաքաղաքական ահագնացող միջավայրը խորացնում են տնտեսական անվտանգության և ներդրումային ռիսկերն ու դրանց արդեն կոնկրետ դրսևորումները՝ Երասխում կասեցված օտարերկրյա ներդրումներից մինչև Զոդի բաց հանքի շահագործման դադարեցում։

Իշխանական հաջորդ մանիպուլացիան, որն ունի շարունակական և բացահայտված բնույթ։ Խոսքը վերաբերում է հետևյալին․ «Յուրաքանչյուր անգամ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս թղթի վրա գրում և ասում են, որ թռիչքաձև ավելացնելու են երկարաժամկետ զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերը։ Եվ սա անում են՝ աղքատության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց չկատարվող խոստումները քողարկելու համար։»։

Կապիտալ ծախսերը չունեն անհատական հասցեատեր, ինչպես օրինակ՝ սոցիալական ծախսերն են։ Հետևաբար՝ կարելի է անվերջ խոստանալ, հետո էլ չկատարել՝ չկրելով պատասխանատվություն։ Հետո՝ այդ ծախսերը անընդհատ և էական չափերով վերաբաշխվում և կատարվում են՝ նախապես հաստատվածից էական շեղումներով։ Օրինակ՝ ջրամբարների, սոցիալական ենթակառուցվածքների համար նախատեսված միջոցներով ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Ի դեպ, այս ամենը հետաքրքիր կերպով զուգակցում են ընտրական գործընթացների հետ։ Այլ հարցեր են այս ծախսերի արդյունավետությունն ու որակը, այս ոլորտում մեկ անձինց գնումների և յուրայինների մասնակցության թռիչքաձև աճերը, գերշահույթները։ Դրանց իրավական գնահատականները հետո են տրվելու։

Մասնավորապես, նախատեսված է 2024թ․ պետական բյուջեի կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ՝ շուրջ 700 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսը։ Ի դեպ, 2023թ. հունվար-սեպտեմբերին նախատեսված 411 մլրդ դրամ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 194 մլրդ դրամ կամ 47 տոկոս։ Տարվա ընթացքում անընդհատ և էական չափերով վերաբաշխվում են կապիտալ ծախսերը, որ «դզեն-փչեն» և ճշտված բյուջեի նկատմամբ ունենան բարձր կատարողական։  

Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 7 տոկոսը, գրեթե կապիտալ ծախսերի չափով։

Մասնավորապես, անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կկրճատվեն 10 տոկոսով՝ կազմելով շուրջ 30 մլրդ դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ մեկ ընտանիքի աղքատության նպաստի միջին ամսական չափը 32000 դրամ է՝ նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75300 դրամ) շուրջ 2,5 անգամ պակաս։

Զբաղվածության աջակցության ծրագրերին հատկացվող միջոցները կրճատվում են 3 անգամ՝ կազմելով ընդամենը 638 միլիոն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ եղած գործազուրկներին ավելացել են Արցախից բռնի տեղահանված և իրենց կայուն եկամտի աղբյուրը կորցրած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները։

Կենսաթոշակային ապահովությանը հատկացվելու է 326 մլրդ դրամ։ Ընդամենը 5 տոկոսով աճը պայմանավորված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակ վճարելու հետ։ Կենսաթոշակների, աղքատության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն ավելանալու՝ չնայած կանխատեսվող գնաճին։

Խոստացել էին, որ կենսաթոշակի միջին չափը պիտի գերազանցի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Ի դեպ, կենսաթոշակի նվազագույն չափը 36000 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից 2,1 անգամ պակաս, միջին ամսական չափը՝ 49600 դրամ կամ 52 տոկոսով պակաս։ Ակնհայտ է՝ այս խոստումը ևս չեն կատարելու, քանի որ անհնար է հաջորդ երկու տարիներին տարեկան շուրջ 30 տոկոս աճի ապահովումը։

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման խոստումներ տված այս իշխանության օրոք այդ համակարգը դարձավ անդառնալի։ Ամեն տարի հատկացումներն էապես աճում են՝ ի հաշիվ ընթացիկ կենսաթոշակների չափերի ավելացման։ Օրինակ՝ հաջորդ տարի կուտակային կենսաթոշակային համակարգին կհատկացվի 27 տոկոսով ավելի գումար՝ շուրջ 145 մլրդ դրամ կամ աշխատանքային կենսաթոշակին հատկացվող միջոցների կեսի չափով։

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված բնակչության սոցիալական աջակցության համար նախագծով նախատեսված է ընդամենը 10 մլրդ դրամ, դրան գումարած շուրջ 30 մլրդ դրամ էլ կենսաթոշակային ապահովության համար։ Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին Արցախին հատկացվող միջոցները կազմում էին տարեկան 144 մլրդ դրամ, իսկ բռնի տեղահանված մեր հայրենակիցները կորցրել են նյութական ապահովվածության բոլոր հիմքերը՝ կացարանից մինչև կայուն եկամուտ։

Ամփոփելով, հերթական անգամ արձանագրում ենք․ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում օբյեկտիվ իրավիճակին և օրվա իշխանության ծրագրային խոստումներին բացահայտ անհամապատասխանությունն է, անիրատեսական կանխատեսումները։ Հույսներն արտաքին պատահական գործոններով պայմանավորված «տնտեսական աճի հրաշքի» շարունակությունն է։

Առաջնորդությունը ևս նույնն է՝ կապիտալ ծախսերի սուտ խոստումներ, իրավիճակային խեղաթուրումներ, պոպուլիստական և անպատասխանատու վարքագծի շարունակություն, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահ»։