կարևոր
778 դիտում, 1 օր առաջ - 2024-12-10 23:36
Հասարակություն

4 տարում սահմանամերձ Բարեկամավանի բուժկետի տանիքը չնորոգեցին

4 տարում սահմանամերձ Բարեկամավանի բուժկետի տանիքը չնորոգեցին

Ավելի քան 4 տարի է, ինչ սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքի կեսը ուժգին քամուց պոկված է, անձրևները, ձյունը լցվում են շենքից ներս, հակասանիտարական վատ վիճակ ստեղծելով բուժկետում։ Ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Բուժկետը գործում է Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ, այն գտնվում է հարևան՝ Կոթի գյուղի գյուղական ամբուլատորիայի ենթակայությամբ։ Անցած 4 տարում բազմաթիվ անգամ դիմել եմ Տավուշի մարզպետարան, հարցնելով, թե երբ են նորոգելու բուժկետի շենքի տանիքը։ Այս տարվա հուլիսին ուղարկած հարցումիս Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այսպես է պատասխանել․

«Նոյեմբերյան համայնքի «Կոթիի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի ենթակայության Բարեկամավանի բուժկետի շենքի վերանորոգման և վերակառուցման համար կադաստրի վկայական ստանալու գործընթացը ավարտական փուլում է (որից հետո կսկսվի վերանորոգում-վերակառուցումը)։ Բուժակ-մանկաբարձական կետը տեղափոխված է Բարեկամավանի նախկին գյուղապետարանի վերանորոգված տարածք և իր գործունեությունը ժամանակավորապես ծավալում է այնտեղ»։ 

Հայկ Ղալումյանը 2021թ․ ապրիլի 8-ից Տավուշի մարզպետն է, անցած 3 տարում ինչո՞ւ չի իմացել, որ իր ենթակայությամբ գործող Բարեկամավանի բուժկետը կադաստրի վկայական չունի, որ վկայական հանեն։ 2005 թվականին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Վորլդ վիժն» և «Ապավեն համայնքներին» կազմակերպությունները վերանորոգել, կահավորել են Բարեկամավանի բուժկետի շենքը, առանց կադաստրի վկայակականի ո՞ւմ պատկանող շենքն են նորոգել, կահավորել այդ կազմակերպությունները։ 

Նոյեմբերի 25-ին նոր հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետին, բուժկետի նորոգման մասին բոլորովին այլ պատասխան են տվել․ «Բարեկամավանի բուժակա-մանկաբարձական կետը ներկայումս գործում է նախկին գյուղապետարանի ծրագրով վերանորոգված և կահավորված սենյակում: ԲՄԿ-ի նախկին շենքի կադաստրում գրանցման, վերանորոգման և դրա հետ կապված հարցերով առաջարկում ենք դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան»,- մանրամասնել է լրագրողը: