Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Գերմանիայի Դորտմուդ քաղաքի Helmut Kornig Hall մարզասրահում ընթանում է ըմբշամարտի «Մեծ մրցանակի» խաղարկության մրցաշարի հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գերմանիայի Մեծ մրցանակի» 34-րդ խաղարկությունը, որին 29 երկրի 250 ըմբիշ է մասնակցում:
Երեկ մրցաշարի 1-ին օրը հայկական ըմբշամարտի պատմության մեջ աննախադեպ փայլուն էջ գրվեց: Հունահռոմեական ոճի ըմշամարտի մրցաշարում ստուգատեսի 1-ին օրը բոլոր 4 քաշային կարգերում (66, 75, 85 և 98կգ) ոսկե մեդալներ բաժին հասավ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալականի ղեկավարությամբ ելույթ ունեցող` մարզաձևի Հայաստանի հավաքականի անդամներին: Հատկանշական է, որ դրանցից 3-ի եզրափակիչներում մեր ըմբիշները պարտության մատնեցին մարզաձևում հարուստ ավանդույթներ ունեցող Թուրքիայի, իսկ մեկում ՝ Ռուսաստանի պատվիրակին: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Մեր ըմբիշների այս աննախադեպ հիանալի ելույթների մասին դրվատական բացառիկ հոդված է հրապակվել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում` «Հայաստանը նվաճեց Գերմանիայի մեծ մրցանակի 1-ին օրվա հունահռոմեականների բոլոր ոսկիները» վերատառությամբ:
Հայաստանի ըմբիշների հաղթական երթի սկիզբը դրեց 66 կգ քաշային կարգում հանդես եկած Արամ Ջուլֆալակյանը՝ հավաքականի գլխավոր մարզչի կրտսեր որդին: Նա տպավորիչ 5 հաղթանակ տոնեց: Արամը եզրափակիչում էլ համառ ջանքերի գնով վճռորոշ գոտեմարտում 5:4 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ազամատ Ահմեդովին ու գլխավոր մրցանակին արժանացավ:
Արամ Ջուլֆալակյանից հաղթական փոխանցավազքի փայտիկն ընդունեց 75 կգ քաշային կարգում հանդես եկած նրա ավագ եղբայրը ՝ բազմափորձ Արսեն Ջուլֆալակյանը: Նա էլ եղբոր նման 5 հաղթանակ տոնեց, իսկ եզրափակիչում, 2:1 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի պատվիրակ Սերեֆ Թուֆենկի նկատմամբ, 2-րդ ոսկե պարգևը բերեց Հայաստանի ընտրանուն:
Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակեց 85 կգ քաշային կարգում հանդես եկած Արթուր Շահինյանը: Շատ արժեքավոր ու կարևոր էր Արթուրի` հատկապես քառորդ եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոն ուկրաինացի Ժան Բելեյուկի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակը: Շահինյանն էլ եզրափակիչում 5:3 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Իլդեմ Կանսուին:
Այս քաշային կարգում կարգում ելույթ ունեցած Հայաստանի հավաքականի 2-րդ մասնակիցը՝ Մաքսիմ Մանուկյանը, առաջին իսկ գոտեմարտում 0:2 հաշվով պարտվեց Բելառուսի պատվիրակ Ջավիդ Համզատովին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Մեր հունահռոմեական ոճի ըմբիշների 1-ին օրվա փառահեղ հաջողությունը եզրափակեց 98 կգ քաշային կարգում կրկին իր բարձր կարգը հաստատած` Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա էլ առաջին 3 մրցակիցների` էստոնացի Առնո Արուսաարի (3:0), հունգարացի՝ Ադամ Վարգայի (4:0) և ֆինն Ռամի Հիետանիեմիի ( 4:0) հետ գոտեմարտերում, իրեն հատուկ ոճով գործելով, ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին ու հաղթեց չոր հաշիվներով: Իսկ եզրափակիչում էլ բացարձակ առավելությամբ՝ 9:1 հաշվով առավել քան համոզիչ հաղթանակ տոնեց թուրք ըմբիշ Իլդեմ Սենկի նկատմամբ, ոչ միայն Հայաստանի հավաքականին 4–րդ ոսկե մեդալը բերեց, այլև եզրափակիչներում ընթացած յուրօրինակ ՀԱՅԱՍՏԱՆ – ԹՈՒՐՔԻԱ միկրոմրցամարտում հաշիվը դարձրեց 3:0:
Հավելենք, որ ստուգատեսի առաջին օրը մեր պատվիրակները նաև 5-րդ ոսկե մեդալը շահելու հնարավորություն ունեին: Այսպես` այստեղ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում ելույթ էր ունենում Հայաստանի միակ պատվիրակ՝ 2013թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Վնասվածքներից ապաքինվելուց հետո աստաիճանաբար մոտենում է իր լավագույն մարզավիճակին: Նա, 2 համոզիչ հաղթանակներ տանելով եզրափակիչում, հաղթողի կոչում վիճարկեց 61 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ ու, զիջելով 2: 5 հաշվով, այս անգամ բավարարվեց 2-րդ տեղով: Տեղին է հիշեցնել, որ անցած ամսվա վերջին Իտալիայի Սասարի քաղաքում ընթացած մրցաշարում Դավիթը գրավել էր 3-րդ տեղը:
Հավելենք, որ ազատ ոճի ըմշամարտի մրցաշարում 1-ին օրը խաղարկված 4 ոսկե մեդալներից 3-ը բաժին հասան Ադրբեջանի ընտրանուն ու միայն 97 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչվեց Լեհաստանի պատվիրակ Ռադոսլավ Բարանը:
Այսօր` ստուգատեսի 2-րդ օրը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում մրցանակներ կխաղարկվեն մնացած 4 քաշային կարգերում` 59, 71, 80,և 130 կգ, ու հուսանք, որ հայ ըմբիշները կրկին ուրախանալու առիթ կտան և անմասն չեն մնա վիճակվող պարգևներից: