Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոտանը, ինչպես գազն ու հոսանքը, Սևանա լճի հարցը ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի համար ոչ միայն տնտեսական լուրջ լծակներ են, այլև պետականության ու անկախության` ռազմավարական նշանակություն ունեցող արժեքներ: Եվ եթե քաղաքական գործիչներն ու քաղաքացիական հասարակությունը պայքարում են դրա համար, ուրեմն հայրենիքը չթուլացնելու համար է այդ պայքարը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Որոտանին, որովհետև մամուլում խոսվում է, թե կառավարությունը հակված է չեղյալ համարել Որոտանի վաճառքի գործարքը, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ քառյակը նախապատրաստում է նյութեր` Որոտանի հետ կապված, և քառյակում կարծիք կա, որ այդ գործարքը թե' քաղաքական, թե' իրավական տեսակետից հանցագործություն է պետության նկատմամբ: Ինքը` պատգամավորը, այդ հարցով դիմել է դատախազություն, քառյակն էլ հակված է Որոտանի հարցով լինել հետևողական:
«Փառք Աստծո, որ կան ուժեր` քաղաքական ու քաղաքացիական, որ կռիվ են տալիս` պետականությունը փրկելու համար: Ես լավատես եմ, որ ինչ-որ բաներ զսպելու ենք, ինչ-որ բանի հասնելու ենք»,- ասաց Արամ Մանուկյանը:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից Որոտանի գործարքը չեղյալ համարելու որոշման հավանականությանը, պատգամավորը նշեց, որ ընդդիմության նպատակը չէ իշխանության ջարդվելուց ուրախանալ, այլ երկրի հաջողությունները տեսնելն է, և եթե իշխանությունը թեկուզ վերջին պահին սթափվի ու որոշի ինչ-որ բան ուղղել, պատգամավորը միայն կողջունի կառավարության այդ քայլը:
«Որոտանի գործարքը միանշանակ պետք է չեղյալ հայտարարվի` խախտվել են Սահմանադրությունը և օրենքները: Այն վաճառվել է ինքնարժեքից մի քանի անգամ էժան գնով»,- ասաց պատգամավորը: Իսկ թե ինչո՞ւ է որոշվել «ջրի գնով» վաճառել Որոտանը, պատգամավորը կարծում է, որ դրա պատճառը շատ պարզ է` կառավարությանը շտապ փող է պետք: