կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-31 12:16
Քաղաքական

Թող ԱԺ-ն որոշի. ընտրախախտման համար պատժի խստացման հարցը կառավարությունը կուղարկի ԱԺ

Թող ԱԺ-ն որոշի. ընտրախախտման համար պատժի խստացման հարցը կառավարությունը կուղարկի ԱԺ

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշում, որով առաջարկվում է հավանություն տալ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: Օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տուգանքը չափազանց մեղմ պատժատեսակ է նման արարքի կատարման համար և չի կարող ապահովել պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված նպատակները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիան նախատեսում է խստությամբ, բնույթով և հանցագործի նկատմամբ ներգործության առանձնահատկություններով պայմանավորված տարաբնույթ պատժատեսակներ՝ տուգանք և ազատազրկում որոշակի ժամկետով:

Նախագծի ընդունմամբ կսահմանափակվի պատիժ նշանակելիս դատական հայեցողության շրջանակը՝ դատարանը պարտադրված կլինի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառել բացառապես ազատազրկում որոշակի ժամկետով:

Արդարադատության նախարարի դիրքորոշումը հետևյալն էր, որ առաջարկվող օրենսդրական կարգավորումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքին, ինչպես նաև 61-րդ հոդվածում սահմանված պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներին, մասնավորապես՝ հիշյալ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի՝ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները: Ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառումը, երբ դա, իհարկե, հիմնավորված է, պետք է դառնա իրավակիրառական տարածված պրակտիկա, որի հիմնական նպատակը քրեական պատասխանատվության անխուսափելիության, այլ ոչ թե չափազանց խստության ապահովումն է։

Ըստ այդմ` կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունմամբ կխաթարվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք նորմ-երաշխիքներ, 61-րդ հոդվածում սահմանված պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ, նախարարը նշեց, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա հենց ինքը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր լսել կարծիքներ, միաժամանակ ներկայացրեց իր դիրքորոշումը: «Ես ուսումնասիրել եմ, ինձ մասնագետները զեկուցել են, որ, օրինակ, Գերմանիայում և Շվեյցարիայում գործում է և\' տուգանքը, և\' ազատազրկումը, բայց քանի որ մենք՝ իշխանություններս, մեր քաղաքական թիմը խնդիր ենք դրել մեր առջև` էապես բարձրացնել հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, ես կարծում եմ` ճիշտ կլինի մենք տանք համաձայնություն, և թող ԱԺ-ն որոշի: Ես գտնում եմ, որ իրավական առումով ճիշտ չէ, բայց քաղաքական առումով ընդունենք, որպեսզի զերծ մնանք ոչ օբյեկտիվ քննադատություններից և մեր քաղաքացիներին բացատրենք, որ նման խախտումների չգնան»,- ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտնեց իր կարծիքը. «Կարելի է մեծանել տուգանքի չափը կամ առնվազն նախատեսել այնպիսի դեպքեր, որոնց բացակայության դեպքում կարելի կլինի տուգանքը կիրառել»:

Կարծիքը հայտնեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Ես կարծում եմ` պետք է վստահել դատարանին` հնարավորություն ընձեռելով անհատականացնել պատիժը: Կան բազմաթիվ դեպքեր, որ շատ ծանր է հանցագործությունը, կամ հակառակը` այդքան ծանր չէ: Պատահականը չէ, որ մենք տուգանքը, որպես քրեական հանցագործության համար պատժատեսակ, սահմանել ենք: Ինձ թվում է՝ սա շատ արհեստական ու կոշտ է և, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, առաջարկություն է արված: Այս կերպ մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Ինչի, չգիտե՞նք, որ գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվեարկության, ազատազրկե՞նք: Ինձ թվում է` սա իրավական առումով սխալ է»,- ասաց նա: