Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«20 օր առաջ, երբ 2025 թվականի բյուջեի նախագիծը ներկայացվեց խորհրդարանին, մենք պնդում էինք, որ կանխատեսումներն իրատեսական չեն, չափազանցեցված են։ 20 օր պահանջվեց, որ իրենք էլ հասկանան, որ իրենց հաշվարկները հիմնազուրկ են։ Այսօր կառավարությունը 10%-ով նվազեցրել է տնտեսական աճի թիրախը»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ ԱԺ-ում շարունակվում են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները։
«Երբ այս բյուջեն քննարկվում էր խորհրդարանում կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը ջանք չխնայեցին քննարկումները շեղել բուն նյութից։ Հիշու՞մ եք՝ խոսում էին «իրական Հայաստան» կոչված ցնդաբանությունից, գործակալ 044-ի աշխարհացունց բացահայտումների մասին, ամեն ինչի մասին, բայց ոչ բյուջեի նախագծի մասին։ Այդպես էլ պետք է անեին, քանի որ պարծենալու ոչ մի բան այս իշխանություններն այլևս չունեն»,-ասաց պատգամավորը՝ հատկանշելով, որ տնտեսական աճը դանդաղում է, հարկային եկամուտներն ու կապիտալ ծախսերը թերակատարվել են, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազում է, դրամական փոխանցումները և զուտ ներհոսքը կրճատվում են։
«Եկող տարի արտաքին առևտուրը մոտ 40%-ով կրճատվելու է, դեֆիցիտը գերազանցելու է 600 մլրդ դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը հատելու է 6 տրիլիոն դրամի (15 մլրդ ԱՄՆ դոլարի) շեմը։ Որպեսզի արդյունաբերության աճ նկարեն, կառավարությունը կախարդական փայտիկով Հայաստանում ոսկու արտադրություն է հիմնում։ Այստեղ նստածներից մի մասը երևի կհիշի, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ էր խոսում կախարդական փայտիկի մասին։
Չկա որևէ ոլորտ, որ այս կառավարությունը ձախողած չլինի։ Երևի սկսենք տնտեսությունից։ Նախորդ անգամ թվեր շատ ենք նշել, այս անգամ ընդամենը մի թիվ նշեմ։ Բյուջեի նախագծի, պայմանական ասած, երկու ընթերցումների արանքում հրապարակվեց 2024 թվականի հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Համեմատած նույն տարվա սեպտեմբեր ամսվա հետ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կրճատվել է մոտ 5%-ով։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել. տնտեսության աճը ոչ թե դանդաղել է, այլ տնտեսական ակտիվությունը նվազել է։ Ու թող ոչ ոք սա չփորձի բացատրել մեծ բազայի էֆեկտով։ Երեք տարում համախառն 10%-անոց աճով տնտեսական պոտենցիալը չի մեծանում, իսկ 2022-2023 թվականների արագ աճն ընդամենը բերել էր տնտեսության գերտաքացման, առաց տնտեսական պոտենցիալի վրա որևէ ազդեցություն ունենալու։ Կառավարությունը չկարողացավ կապիտալիզացնել արտածին դրական գործոնները։
Իսկ հիմա փորձենք հանրամատչելի կերպով բացատրել, թե ինչու է մեր տնտեսությունը կրճատվում։ Կառավարությունն իր վերջին նիստերից մեկի ժամանակ հարկային արտոնություն տվեց մի ընկերության, որը դրսից կաթի հումք (փոշի) է ներմուծում ու այստեղ կաթնամթերք կամ դրա նման մի բան արտադրում։ Պատկերացնու՞մ եք, փոխարեն խրախուսեն տեղական անասնապահներին, տեղական հումքից կաթնամթերք արտադրողներին, կառավարությունը խրախուսում դրսից բերած կաթի փոշուց կաթնամթերքի արտադրությունը։ Բա էլ ինչու՞ եք զարմանում, որ գյուղատնտեսությունը չի աճում, հողերն անմշակ են, գյուղերը դատարկվում են, իսկ իրական արդյունաբերության փոխարեն ունենք ոսկու նկարչություն։
Կառավարությունը խոստանում է հարկեր/ՀՆԱ հարաբերությունը բարձրացնել 0.1 տոկոսային կետով՝ հասցնելով 25 տոկոսի։ Հավանաբար կմտածեք «դե, տնտեսության արտահանելի, հարկունակ հատվածը կզարգանա, հարկերը կշատանան»։ Ո՛Չ։ Հարկային մամլիչն են միացնելու, շատերի համար կբարձրանա շրջհարկի տոկոսադրույքը, իսկ հազարավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունններ կդառնան ավելացված արժեքի հարկ ու շահույթահարկ վճարողներ։ 13.000 տնտեսվարող սուբյեկտի հարկային բեռը կմեծանա։ Եթե համարենք, որ ամեն մի ձեռնարկությունում միջինը 7 մարդ է աշխատում, ապա մոտ 100.000 մարդու կյանք կվատթարանա։ Շատեր սուբյեկտներ կսնանկանան։ Շուկայի նրանց մասնաբաժինը կդառնա իշխանությունների սրտի օլիգարխների փայ։ Գիտե՞ք, եթե մի օր այստեղ լսեմ, որ կառավարությունը որոշել է հարկել մուրացկաններին, չեմ զարմանա։ Նույնիսկ չեմ զարմանա, եթե ասեն, որ դա հենց մուրացկանների շահերից է բխում։
Ժողովրդին տուգանքի մատերիալ Չկոչող կառավարությունը եկող տարի պլանավորել է բարձրացնել տույժերից ու տուգանքներից սպասվող եկամուտները՝ այս տարի սպասվող 21,4 մլրդ-ից՝ 22,3 մլրդ դրամ։ Եվ իհարկե, համաձայն այս կառավարության տրամաբանության, դա արվում է բացառապես տուգանվողների շահերից ելնելով։ Այնպես որ դուք խեղճ աղքատ մուրացկանին ոչ միայն կհարկեք, այլև կարող եք տուգանել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։
Պետական պարտքի մասին շատ ենք խոսել։ Պետական պարտքի սպասարկման, միայն տոկոսագումարները վճարելու վրա ավելի շատ գումար է ծախսվելու քան կրթության վրա, առողջապահության վրա, տնտեսության զարգացման վրա։ Սիրելի գյումրեցիներ, մի քանի օրից ՔՊ-ականները Գյումրիում օտարահունչ փրայմերիզի անվան տակ նախընտրական քարոզարշավ են սկսելու։ Բարեհունչ խոստումներին հավատալուց առաջ, մի պահ պատկերացրեք, որ այս կառավարությունն ընդամենը երեք օրվա ընթացքում ավելի շատ տոկոս է վճարում, քան Գյումրի քաղաքի ամբողջ տարեկան բյուջեն է։ Հիմա պատկերացրեցի՞ք, թե որքան ահռելի է մեր պետական պարտքը։
Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ապարդյուն փորձում էի հասկանալ, թե վերջիվերջո ինչ եղան Շառլ Միշելի խոստացած 2.7 մլրդ եվրոն։ Փոխարտգործնախարարն այս հարցիս չպատասխանեց, իսկ պրն Եղոյանը ՎԶԵԲ-ի կողմից շուկայական տոկոսներով Հայաստանին տրամադրվող պարտքն օգնություն համարեց։ ՎԶԵԲԸ 30 տարի Հայաստանին վարկ է տվել առանց Շառլ Միշելի հայտարարության։ Ավելին, թե՛ ՎԶԵԲը, թե՛ Միջազգային ֆինանսական կորպորացիան Հայաստանում նույնիսկ ընկերությունների սեփական կապիտալում ներդրումներ էին անում։ Իսկ հիմա՞։ Իսկ հիմա ներդրողները Հայաստանից հեռանում են։
Քանի որ ինչպես նշեցի՝ բյուջեն տնտեսական, հաշվապահական փաստաթուղթ չէ, անդրադառնամ նաև մեր արտաքին և անվտանգային քաղաքականություններին։ Ոլորտներ, որոնք այս կառավարությունն ամենից շատ է վնասել։ Վկան՝ Ջերմուկում, Սև լճում, Շորժայում բուն դրած ադրբեջանցիներն են ու միջազգային հանրության առավել քան անհասկանալի լռությունը։ Հայկական դիվանագիտության թշվառության մասին կարելի է շատ երկար խոսել։ Բայց կարճ կկապեմ։ Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Բրյուսելում Հայաստանի դիվանագիտության ամենացցուն բնութագրիչն է։ Հայաստանի դեսպանին ուղարկում են Թուրքիայի դեսպանատուն՝ շնորհավորելու Հայաստանը շրջափակած, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի ազգային տոնը։ Ու հենց այդտեղ Ադրբեջանի դեսպանը սպառնում է սպանել Հայաստանի դեսպանին։ Իսկ Հայաստանի արտգործնախարարությունը ոչ բվվում է, ոչ գվվում է։ Ինչի՞ հասաք թուրքերի տոնը շնորհավորելով։ Թուրքերը սահմանը բացեցին, թե՞ ադրբեջանցիք Ջերմուկից հեռացան։ Բա խայտառակությունն էլ ինչպե՞ս է լինում։ Պոզով պոչո՞վ։
Եվ վերջապես անվտանգային քաղաքականության մասին։ Ֆինանսների նախարարն այս ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանի քաղաքացիներն իրենց հիմա ավելի ապահով են զգում։ Չեմ բացառում, որ Ջերմուկում ադրբեջանական կրակակետերն այս կառավարությանն ապահովության զգացում են ներշնչում և հենց նրանց անվտանգությունն են ապահովում, բայց Հայաստանի քաղաքացիները շատ ավելի ապահով էին, երբ ադրբեջանցիք Ջերմուկից, Շորժայից, Ներքին Հանդից ու Սև լճից համարյա 100 կիլոմետր հեռու էին, և երբ կանգուն էր Արցախը։ Ըստ այս կառավարության՝ Արցախի Հանրապետության բռնակցումից հետո մենք ավելի ապահով ենք։ 2020 թվականին մեր ռազմական պոտենցիալի մի էական հատված կորցնելուց հետո մենք ավելի անվտանգ ենք։ Հազարավոր երիտասարդ զինվորներ ու փառահեղ մարտական ուղի անցած սպաներ կորցնելուց հետո մենք ավելի պաշտպանված ենք... Ի դեպ կհիշե՞ք, թե հայկական զինուժը վերջին անգամ երբ է զորավարժությունների մասնակցել։ Ի՞սկ ադրբեջանականը»,-նշեց Արթուր Խաչատրյանը։
Ամփոփելով խոսքը՝ պատգամավորն ասաց, որ ներկայացրած բյուջեի նախագիծը համարժեք չէ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, վարվող տնտեսական քաղաքականությունը, չի ապահովում Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը, կառավարության արտաքին ու պաշտպանական քաղաքականությունն ունակ չեն ապահովելու մեր երկրի անվտանգությունը։ Կրթական ու մշակութային քաղաքականությունը սպառնալիք են մեր ազգային արժեհամակարգին։
«Ներկայացված բյուջեն իրատեսական չէ, ընտրված թիրախները և լուծումները սխալ են։ Այս փաստաթղթով ֆինանսավորվելու է Հայաստանի ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վտանգող կառավարության վարած քաղաքականությունը։ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»։