կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-11 20:23
Քաղաքական

Դեմ եմ պարտադիր կուտակայինին, թեև հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը պարտադրված լուծում է. Արծվիկ Մինասյան

Դեմ եմ պարտադիր կուտակայինին, թեև հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը պարտադրված լուծում է. Արծվիկ Մինասյան

Այսօր կառավարության արտահերթ նիստում, ուր  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, կառավարության անդամների միջև ծավալվեց բուռն բանավեճ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս հարցը կառավարության առջև դրված դժվար լուծվող հարցերից է:

«Պարոն վարչապետ, ձեր բացատրությունները ամբողջությամբ, ներկա պայմաններում ընկալելի են, բայց համոզմունքը, որ այս համակարգը լավն է, պետք է հասարակության մեջ ձևավորվի: Համակարգի մասնակից 200 հազար անձինք  նույնպես պետք է գնահատեն համակարգի առավելությունները: Ես, որպես մարդ, ով ՍԴ-ում կարողացել է ապացուցել կուտակային համակարգի մի շարք բացերը, այս պահին դժվարությամբ եմ կարողանում գնահատել, արդյո՞ք ՍԴ որոշումները կատարվել են թե ոչ, ռիսկերը վերացել են թե ոչ: Ես համաձայն եմ, որ ֆինանսական կայունության տեսակետից կարևոր է գործը առաջ տանելը, որպես պետություն: Բայց ունեմ մտահոգություններ տեղաբաշխված միջոցների վերաբերյալ, որովհետև ըստ ներկայացված միջոցների, միջոցների 70 տոկոսը բաշխված են ոչ թե Հայաստանի տնտեսության մեջ, այլ Հայաստանում  է: Նաև ելնելով այն հանգամանքից, որ երբևէ չի եղել դեպ, որ ես, իբրև Դաշնակցության ներկայացուցիչ, կողմ քվեարկեմ պարտադիր կուտակային համակարգին, այս անգամ նույնպես մնում եմ իմ տեսակետին: Դեմ եմ պարտադիր կւտակայինին, թեև հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը պարտադրված լուծում է»,- ասաց Մինասյանը: նա հավելեց, որ չի ուզում քննադատել այս որոշումը, ըմբռնումով է մոտենում կայացրած որոշմանը

Վարչապետ Փաշինյանը առարկեց, ասելով, որ կառավարության անդամները գործ ունեն թիմային պատասխանատվության հետ:

 «Եթե դուք ասում եք, որ ունեք հարցեր, որոնց պատասխանը չգիտեք, ուրեմն այդ հարցերի պատասխանը գտնելը ձեր աշխատանքային պարտականությունն է: Կամ այս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կամ չենք վերցնում: Կամ մենք գնում ենք թիմային այս լուծմանը, կամ, կներեք, ես համաձայն չեմ անուղիղ գործողություններին: Կամ մենք վերցնում ենք այս պատասխանատվությունը` առաջ գնալով, այլ ոչ թե հետ, կամ չենք վերցնում: Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»,- ասաց Փաշինյանը:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ որպես կոլեգիալ որոշում, այն կատարվելու է իր կողմից, որ ինքը գնահատում է կայացվող որոշման իրավական անվտանգության կարևորությունը, չի քննադատում այդ որոշումը, բայց, քանի որ միշտ դեմ է եղել պարտադիր կուտակայինի էությանը, ապա հիմա չի կարող այլ տեսակետ հայտնել, դա կնշանակի, որ դեմ է գնում իր համոզումներին:

Փաշինյանը արձագանքեց, որ ինքն էլ  է դեմ եղել պարտադիր կուտակայինին, բայց հիմա որպես վարչապետ, պետք է լուծի խնդիրը: Դա պատասխանատու որոշում է, սակայն թույլ չի տա, որ իր ղեկավարած կառավարությունում բաժանվեն առավել կամ պակաս սկզբունքայինների:

Փոխվարչապետ Գրիգորյանը ճշտում մտցրեց, փորձում են ընդունել այնպիսի որոշում, որը մաքսիմալ ընդունելի և արդար  լինի կուտակայինի մասնակիցների, կողմնակիցների և ընդդիմացողների համար, ուստի օրենքը հետաձգելը անարդար որոշում է: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս նշեց, որ առաջարկվող լուծումը միակ կոնսենսուսային լուծումն է, և կարծում է, որ կառավարության բոլոր անդամները պետք է կողմ քվեարկեն այդ որոշմանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հավելեց, որ պարտադիր կուտակայինը ճանաչվել է ՍԴ կողմից հակասահմանադրական, սակայն ՍԴ որոշումը չի կատարվել, և 200 հազար մարդ արդեն ներգրավել է այդ համակարգի մեջ: Հիմա կանգնած են երկընտրանքի առջև. իրավական անվտանգությունը պահպանել, կամ չպահպանել: Եվ հիմա ընտրել են նվազ ցավոտ տարբերակը:

Փաշինյանի համոզմամբ, եթե հիմա չընդունեն այդ որոշումը, ճգնաժամը և իրավական անհավասարությունը կխորանա:Եթե հետաձգեն օրենքը, ապա կառաջանան ցնցումներ ողջ համակարգում: