կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 21:14
Քաղաքական

Հայաստանը շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը. ԵԽԽՎ համազեկուցողներ

Հայաստանը շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը. ԵԽԽՎ համազեկուցողներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում:

 

«Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է և մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլև պատիվ է ունեցել 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», - ԵԽԽՎ համազեկուցողներին ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Աքսել Ֆիշերը և Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները և ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը: «Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե Հայաստանի, թե Եվրոպայի համար»,- ասել են համազեկուցողները:

 

Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտում ավելի բարձր մակարդակի առաջընթաց արձանագրելու նպատակով:

 

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր: