կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 13:06
Քաղաքական

Ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց

Ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց պատգամավորներին` քվեարկել կառավարության ներկայացրած արտահերթ նիստի օրակարգի համար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վարման կարգով նշեց, որ իրենց դժգոհությունն այն մասին է, որ օրենքների գերակշիռ մասը հանձնաժողովներում չի անցել մասնագիտական քննարկում:

 

«Կառավարությունը վաղօրոք կարող էր ուղարկել նախագծերը, որ հանձնաժողովներում անցներ քննարկում, մենք էլ այստեղ դեմ չէինք լինի: Բայց միանգամից նախագծերը մտնում են լիագումար նիստ` առանց հանձնաժողովների մասնագիտական քննարկման` կամա, թե ակամա ԱԺ-ն դարձնելով դակող մարմին»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

 

Գալուստ Սահակայնը հակադարձեց, թե օրենքի խախտում չկա, և օրենքները հենց այս պահին չեն դրվում քվեարկության, դրանք դեռ կքննարվեն լիագումար նիստում:

 

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ասելով, որ պատգամավորները տեղյակ չեն այդ օրենքներից` մոտ տասը օրենքի ծանոթ չեն, և հիմա կարող են անորակ ու խոտան օրենքներ ընդունել, գոնե պետք է կարդային օրենքը: «Դիմեք կառավարությանը, թող հետ տանեն այդ օրենքները»,- ասաց նա:

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես հայտարարեց, որ դեմ են նման գործելաոճին, որ առանց քննարկման, արագ պետք է օրենքներ անցկացնեն:

 

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հակադարձեց, որ օրենքների 70 տոկոսը քննարկվել է հանձնաժողովներում, մյուս մասն էլ ընդգրկված է մեծ ու փոքր օրակարգերում:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընդմիջում վերցրեց 20 րոպեով, որպեսզի քննարկեն վիճակը: