կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 13:09
Քաղաքական

20 րոպե ընդմիջում էին վերցրել, որ ՀՀԿ-ն խելքը գլուխը հավաքի

20 րոպե ընդմիջում էին վերցրել, որ ՀՀԿ-ն խելքը գլուխը հավաքի

Ավելի վաղ  Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը քսան րոպե ընդմիջում խնդրեց մինչև կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետաձգման վերաբերյալ օրինագծի քվեարկությունը:

 

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ որոշեցին ընդմիջում վերցնել, ասաց. «Միգուցե քսան րոպեի ընթացքում խելքը գլուխները կհավաքեն»:

 

Նա նշեց, որ վստահ են` ՀՀԿ-ն իր դիրքորոշումը չի փոխի, սակայն քսան րոպեն չէր խանգարի յուրաքանչյուրին` ևս մեկ անգամ մտածել: Վարդանյանը տեղեկացրեց, որ այսօր ընդդիմադիր խմբակցությունները կհանդիպեն ընդվզող քաղաքացիների հետ և կմտածեն Սահմանադրական դատարան դիմելու մասին:

 

Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ օրենքի մեկնարկը տրվել է երեք տարի առաջ, և այս տարիների ընթացքում միայն ՀՅԴ խմբակցությունն է վիճարկել այն, իսկ մյուսները ընդհանրապես որևէ առնչություն չեն ունեցել այդ օրենքի հետ, ինչը նշանակում է, որ այդ քաղաքական ուժերը միայն քաղաքական խնդիր են դրել իրենց առջև, ելույթներն էլ հիմնականում քաղաքական են եղել: Նրա համոզմամբ` ընդդիմությունը այս կամ այն պատճառով կորցրել է իր ազդեցությունն ու տառապում է իր ակտիվությունը վերականգնելու մարմաջով, ահա` ինչու գտել են նշանակետ` վերոնշյալ օրենքը:

 

«Կարծում ենք` ճիշտ ուղով ենք գնում, պետք չի մարդկանց մոլորության մեջ գցել»,-ասաց Գալուստ Սահակյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն արդեն դեմ է քվեարկել օրենքի նախագծին, փաստորեն 20 րոպեն չօգնեց, որ խելքները գլուխը հավաքեն: