Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 21-28-ը Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ընթանալու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին, ըստ վերջնական հայտերի, 50 երկրի 285 մարզիկ (132 ծանրորդուհի, 153 ծանրորդ) է պատրաստվում մասնակցել: Նրանք կխաղարկեն մեդալների 15 հավաքածու, այդ թվում` երիտասարդների` 8, աղջիկների` 7 քաշային կարգերում:
Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, ըստ ծանրամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղակատվության, Կազանի սպորտի պալատում կկայանա հունիսի 21-ին` ժամը 14.45-ին, իսկ փակման արարողությունը` հունիսի 28-ին` ժամը 18-ին: Այս հանդիսությունների ժամանակ երկրպագուների համար մուտքն ազատ է, իսկ երեկոյան մրցահերթերի՝ եզրափակիչների համար տոմսն արժե 50 ռուբլի:
Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ երիտասարդների մրցապայքարում Հայաստանը պատրաստվում են ներկայացնել` 69 կգ քաշային կարգում գյումրեցի Ժորժ Եղիկյանը, իսկ 105 կգ քաշային կարգում՝ նրա համաքաղաքացի Մկրտիչ Մկրտչյանը: Նրանք, ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ, մրցավայր կմեկնեն հունիսի 19-ին: Մրցումների մեկնարկը կտրվի հունիսի 21-ին: Ժորժ Եղիկյանը պայքարի մեջ կմտնի հունիսի 23-ին, իսկ Մկրտչյանը՝ հունիսի 27-ին: Պատվիրակության կազմում կլինի նաև ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:
Տեղեկացնենք նաև, որ այս կարևոր ստուգատեսից առաջ մեր ծանրորդները ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում, իսկ այժմ գտնվում են Աբովյանում, որտեղից էլ կմեկնեն Կազան: Նշենք, որ երիտասարդների պայքարին մասնակցող 18-ամյա Ժորժ Եղիկյանը 69 կգ-ում երկամարտի նախնական 300 կգ, իսկ 105 կգ-ում ելույթ ունենալ պատրաստվող Մկրտիչ Մկրտչյանն էլ՝ 350 պատվեր է ներկայացրել: