կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 14:18
Հասարակություն

Լկտիություն

Լկտիություն

Երբ մտածում ենք, որ, եթե պրոբլեմը կարելի է լուծել փողով, ապա դա ոչ թե պրոբլեմ է, այլ ծախս, հասկանում ենք, որ Հայաստանում պրոբլեմներ քիչ կան: Դրանցից մեկը լկտիանալն է: Պարզ է, որ այս պրոբլեմը փողով չի կարող լուծվել, թեև շատերն են լկտիության պատրաստ, եթե փող տաս:

Լկտիությունը մեր երկրում, կարծես, ամենուր է, ուրեմն դրանից ձերբազատվելու պահանջը եւս ամենուրեք է հնչում: Օրինակ` ցուցարարները ոստիկանությանը մեղադրում են լկտիության մեջ, ոստիկաններն էլ նույն մեղադրանքն ուղղում են ցուցարարներին: Ընդ որում, երկուսի կարծիքով էլ, եթե հակառակ կողմն իր ասածին չի ենթարկվում, ուրեմն լկտի է: Ասենք` ցուցարարները, հակառակ ոստիկանության պահանջին, փողոց են փակել, ուրեմն լկտի են, ոստիկանները, հակառակ ցուցարարների պահանջին, թույլ չեն տալիս նրանց պաշտպանել իրենց իրավունքները, ուրեմն լկտի են: Համենայն դեպս, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ Ամիրյան-Մաշտոց հատվածը փակած ցուցարարներին ասաց, թե նրանք արդեն լկտիանում են: Ինչպես հասկանում ենք, ցուցարարները լկտիության վերաբերյալ այլ` հակընդդեմ կարծիք ունեն:

Իրականում, երբ որեւէ մեկը չի կատարում մեր պահանջը, չի նշանակում, որ նա լկտի է` անկախ նրանից` մենք ոստիկան ենք, թե` ցուցարար: Ավելին` երբ որեւէ մեկը պառկում է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում, դա եւս չի խոսում պառկածի լկտիության մասին, դրա մասին չի խոսում նաեւ այն հանգամանքը, որ մարդը /մարդիկ/, ինչ-որ բան բղավելով, երթ է անում մայրաքաղաքի փողոցներով, կամ, երբ ոստիկանները հսկում են հասարակական կարգի պահպանումն այդ երթի ժամանակ: Ուրեմն գոնե այս համատեքստում երեկ լկտի չի եղել` ո\'չ համազգեստով, ո\'չ սեփական իրավունքների պաշտպանությամբ:

Լկտիություն չէ նաեւ առանց պահանջի պայքարի դուրս գալը: Սա կոչվում է անփորձություն, ջահելություն /չխառնել երիտասարդության հետ/, անմտություն, չկողմնորոշվածություն, բայց ոչ երբեք լկտիություն. մարդը հո լկտի չէ՞, որ ուզում է ուղղակի պայքարել` անկախ նրանից, թե հանուն ինչի: Ջահել է, անփորձ է, չկողմնորոշված է, գուցե անմիտ է, բայց լկտի չէ: Լկտի չեն նաեւ նրանք, ովքեր չեն կարողանում արդյունավետ ընտրել իրենց պայքարի ճանապարհները…

Լկտիությունն այլ բան է, օրինակ` երբ ինչ-որ մարդկանց խումբ խոսում է ողջ ժողովրդի անունից` լինի այդ խումբը ոստիկանական, թե` ցուցարարական: Ասենք` երբ մարդկանց մի քանի տասնյակի հասնող խումբ «Ոտքի Հայաստան» կարգախոսով գնում է ՀՀԿ գրասենյակ, չի կարող պնդել, որ ողջ Հայաստանն իրենց հետ է, այդ պարագայում էլ ի՞նչ կարիք կա Հայաստանին կոչ անել` ոտքի կանգնելու:

Դեռեւս 19-րդ դարում Հովհաննես Թումանյանը, ում ժամանակներում էլ հաճախ էին հնչում` «էս ժողովուրդը», «ժողովրդի կարծիքով», «ժողովորդն ասում է», «ժողովուրդն այդպես չի կարծում», «ժողովուրդը մեզ հետ է» եւ այլ հայտարարություններ, ասում էր. «Վեր կաց, ժողովո\'ւրդ, քո անունից են խոսում»: Իսկ այդպես անելը լկտիություն է:

 

Հովիկ Աֆյան