կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 12:12
Տնտեսական

Ռոբերտ Նազարյանը «բացատրեց», թե ինչու է բարձրացել էլեկտրաէներգիայի սակագինը

Ռոբերտ Նազարյանը «բացատրեց», թե ինչու է բարձրացել էլեկտրաէներգիայի սակագինը

ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ասաց. «Արդար կլիներ, որ այստեղ նստած լինեին էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունները, որոնց ապաշնորհ գործունեության պատճառով հիմա սպառողը պետք է պատասխան տա: Ի՞նչ ներդրումներ են արել այդ կազմակերպությունները: Նրանք հայտարարում են, թե աշխատում են զրո տոկոս շահութաբերությամբ: Ինչ է, նրանք հոգեկան շեղումնե՞ր ունեն, թե՞, այնուամենայնիվ, ապաշնորհ կառավարիչներ են: Եվ եթե վատ են աշխատում, նրանք իրենց տեղը պետք է զիջեին նորմալ կառավարիչների, ոչ թե այսօր կազմակերպեինք այս լսումներն ու ազդարարեինք, որ քաղաքացին իր գրպանից պետք է մարի ապաշնորհ կառավարման համար»:

 

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ մինչև 2007 թվականը ՀԷՑ-ում որևէ ներդրում չի եղել, որից հետո եղել են 80 մլրդ դրամի ներդրումներ` հուսալի և անվտանգ գործունեություն ապահովելու համար:

 

«Սակագնի վերանայումը վատ մենեջմենթով չի պայմանավորված, ընդամենը մեր կանխատեսումների արդյունքում վնաս է առաջացել: Ինչ վերաբերում է ընկերությունների զրո տոկոս շահութաբերությանը, ապա` այո, նրանց մեծ մասն ունի զրո տոկոս շահութաբերություն, որովհետև նրանք օգտագործել են արտոնյալ վարկեր»,- ասաց նա:

 

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անթույլատրելի է, որ ոչ գրագետ կառավարիչների գործունեության արդյունքում առաջացած ֆինանսական ճեղքվածքը մարի սպառողը:

 

Ռոբերտ Նազարյանը արձագանքեց` ասելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվի է առել այն ծախսային հատվածները, որտեղ կանխատեսումները չեն արդարացվել, և ֆինանսական վնաս է եղել: