Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:
Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք չէին բացառում նաև նոր փլուզման վտանգը, ինչի դեպքում նախանշված ժամկետում ճանապարհը չէր բացվի:
Մինչ Գագիկ Բեգլարյանը ուղևորվում էր Վրաստան, հունիսի 14-ի կեսօրին տեղեկություն ստացվեց, որ Գվելեթի-Դարիալ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վթարված հատվածում Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել վթարը վերացնելու ուղղությամբ: Իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը հիմնովին վերականգնման խնդիր ունի:
«Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Ճանապարհը թեև բացվել է, սակայն շարունակվում են լայնացման աշխատանքները: Վրացի ճանապարհաշինարարների ջանքերով 18մ բարձրությամբ հողազանգվածը, որը փակել էր ճանապարհը, մաքրվել է:
Էլգուջա Խոկրիշվիլին ներկայացրեց նաև, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել՝ նմանատիպ աղետներից խուսափելու համար:
«Կառավարությունը մեզ հատկացրել էր 7 միլիոն լարի, որն ամբողջությամբ ուղղվել է այս աշխատանքների կատարմանը: Մենք ստեղծել ենք փորձագետների խումբ, որը վթարված հատվածում 24-ժամյա դիտարկում է անցկացնում: Այս պահին ճանապարհահատվածն անվտանգ է: Այս ճանապարհը գտնվում է լեռնային բարդ գոտում, որտեղ սողանքներ ու բնական աղետներ հաճախ են լինում։ Որպեսզի նման իրավիճակներում ճանապարհն առավելագույնս պաշտպանված լինի, նախատեսում ենք հսկայածավալ մի նախագիծ իրականացնել»,- ասաց Էլգուջա Խոկրիշվիլին։
Նա ընդգծեց, որ բացի ճանապարհը բարելավելուց` առավել վտանգավոր հատվածներում նախատեսում են թունելներ կառուցել։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: