կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 18:50
Հասարակություն

Քառյակը «Դեմ եմ»-ի հետ մշակելու է կուտակային օրենքի այլընտրանքային տարբերակը

Քառյակը «Դեմ եմ»-ի հետ մշակելու է կուտակային օրենքի այլընտրանքային տարբերակը

Ոչ իշխանական չորս ուժերը ավարտեցին հանդիպումը, որին մասնակցում էին նաև «Դեմ եմ» շարժման անդամները:

 

Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ օրակարգում եղել է երեք հիմնական հարց, որոնցից մեկը կուտակային օրենքի փոփոխության նպատակով կառավարության ներկայացրած առաջարկն էր: Դրա վերաբերյալ քառյակը պետք է ձևավորի մեկ միասնական դիրքորոշում: Լևոն Զուրաբյանի խոսքով` կառավարությունը շրջանառության մեջ է դրել աշխատանքային փաստաթուղթ, որը շատ արագ կարող է դառնալ օրինագիծ:

 

«Դրա համար ճիշտ կլիներ ունենալ միասնական դիրքորոշում: Մենք վերահաստատեցինք 12 պահանջների առաջին կետով սահմանված սկզբունքը, որ պարտադիր բաղադրիչը որևէ տեսքով որևէ կատեգորիայի համար ընդունելի չէ: Չենք ընդունի այնպիսի որոշում, որը խտրականություն է դնում քաղաքացիների տարբեր կատեգորիաների միջև: Մենք ընդունելու ենք միայն այնպիսի լուծում, որը հիմնված կլինի սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Նա նշեց, որ կառավարության ներկայացրած աշխատանքային փաստաթղթի վերաբերյալ քառյակը շուտով կունենա մեկ միասնական դիրքորոշում: Իսկ այս պահին երեք քաղաքական ուժ` «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը, պատրաստ են բացառել պարտադիր բաղադրիչը, իսկ ԲՀԿ-ն իր որոշումը կընդունի վաղը` ԲՀԿ խորհրդի նիստից հետո:

 

Լևոն Զուրաբյանը նշեց, որ «Դեմ եմ»-ի հետ արդյունավետ քննարկում է անցկացվել, շարժման անդամները բարձրացրել են կուտակային դիմումների մասով ճնշումների հարցը, և քառյակը հետամուտ կլինի` բացառելու այդ ճնշումները:

 

«Որոշում ընդունեցինք, որ եթե մերժում ենք իշխանության մոտեցումները, ուրեմն ճիշտ կլինի, որ մշակենք կուտակային օրենքի այլընտրանք, որի համար համագործակցելու ենք ոչ միայն քառյակի ուժերով, այլ նաև «Դեմ եմ» նախաձեռնության հետ միասին: Այդ դեպքում այլընտրանք փաստաթուղթը կընդունվի բնակչության 80 տոկոսի կողմից, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել, թե կուտակային օրենքին դեմ է բնակչության 80 տոկոսը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Հարցին, թե ինչո՞վ է վտանգավոր կառավարության ներկայացրած փաստաթուղթը, պատգամավորը պատասխանեց, որ հիմնական խնդիրն այն է, որ, ի վերջո, պարտադիրը չի վերացվում, այն գործելու է ամբողջ պետական սեկտորի` տասնյակհազարավոր մարդկանց համար, իսկ մասնավոր սեկտորի համար հետաձգվում է ընդամենը երեք տարով: Երկրորդ խնդիրն այն է, որ չի կատարվում Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի` չի կարելի ստեղծել խտրականություն քաղաքացիների տարբեր կատեգորիաների միջև:

 

Լևոն Զուրաբյանը նշեց, որ կառավարության ներկայացրած փաստաթուղթը աշխատանքային քննարկում չի անցել այլ քաղաքական ուժերի մասնակցությամբ: