կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 16:27
Քաղաքական

Կուտակային օրենքի դիզայնն է փոխվելու. ԿԲ նախագահը մատնե՞ց

Կուտակային օրենքի դիզայնն  է փոխվելու. ԿԲ նախագահը մատնե՞ց

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: Նա հարցրեց, թե ինչո՞ւ ԿԲ իրավաբանները վաղօրոք չեն զեկուցել ԿԲ նախագահին, որ կուտակային կենսաթոշակային ռեֆորմի որոշ դրույթներ ունեն հակասահմանադրականության խնդիր: «Եթե զեկուցել են, ո՞րն է եղել ձեր մոտեցումը, եթե չեն զեկուցել, ապա բարձր աշխատավարձերով ինչո՞ւ եք նման իրավաբաններ վարձում»,- հարցրեց պատգամավորը` հավելելով, թե որո՞նք են ԿԲ նախագահի կոնկրետ պատկերացումները կուտակային կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ` պարտադիր բաղադրիչը պետք է մնա՞, թե՞ պետք է դուրս գա:

 

Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց շեշտել, որ ԿԲ նախագահի առաջին պաշտոնավարման ընթացքում Հայաստանն ունեցավ հակասահմանադրական օրենք, ուրեմն երկրորդ պաշտոնավարման ընթացքում ո՞րն է նրա տեսլականը` պարտադիր բաղադրիչի հետ կապված:

 

Արթուր Ջավադյանը նախ անդրադարձավ ԿԲ իրավաբանների ու մասնագետների աշխատավարձերի վերաբերյալ հարցին` ասելով, որ ԿԲ-ն պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ անձնակազմի աշխատավարձերի մասին:

 

«Աշխատավարձի աճ չի եղել այս վեց տարիների ընթացքում: Շատ այլ ոլորտներում աճել են աշխատավարձերը, եկել, հասել են մեզ, այդ առումով` բանկային համակարգը հետ է մնացել: Եթե համեմատենք առևտրային բանկերում վճարվող աշխատավարձերի հետ, ԿԲ-ն զիջում է առևտրային բանկերին, անգամ աշխատավարձերի պատճառով ունենում ենք մասնագետների արտահոսք դեպի առևտրային բանկեր»,- ասաց նա` շեշտելով, որ չի համարում, որ ԿԲ-ում աշխատավարձերը բարձր են:

 

Ինչ վերաբերում է կուտակային կենսթոշակային օրենքին, նա նշեց, որ ցանկացած ՀՀ քաղաքացի պարտավոր է վարվել ՍԴ որոշմանը համապատասխան, և եթե  օրենքում կան բացեր, ուրեմն փորձում են վերացնել դրանք:

 

«Այստեղ խոսքը չի գնում պարտադիր բաղադրիչի վերացման մասին, այլ պարտադիր բաղադրիչի վերանայման մասին: Այդ օրենքի վրա աշխատել են լավագույն մասնագետները, ես ձեզ վստահեցնում եմ` այնպես պետք է անենք, որ այս օրենքի վերջնական դիզայնը համապատասխանի ՍԴ վերջնական որոշմանը: Հարցին` պարտադիր բաղադրիչը լինելո՞ւ է, թե՞ ոչ, իհարկե, լինելու է, բայց այլ հարց է, թե դա մենք ոնց ենք իրականացնելու, որովհետև առանց այդ բաղադրիչի օրենքի շարժիչ ուժը կորչում է»,- ասաց Արթուր Ջավադյանը` հավելելով, որ այդ օրենքը անհրաժեշտ է ռեֆորմ իրականացնելու համար:

 

Նա նշեց, որ ԿԲ-ն կիրականացնի որոշ փոփոխություններ օրենքում և կներկայացնի ԱԺ-ի քննարկմանը,  մինչ այդ կիրականացնեն կոնսուլտացիներ և ուսումնասիրություններ` համատեղ աշխատելով կառավարության հետ:

 

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ ԿԲ նախագահի խոսքից պարզ է դառնում, որ կուտակային օրենքը ոչ թե բովանդակային փոփոխության է ենթարկվելու, և էությունն է փոխվելու, այլ նոր դիզայնի է ենթարկվելու: «Այսինքն` այն, ինչ պլանավորում են անել կառավարությունն ու ԿԲ-ն, դա օրենքը «տյունինգ» անելն է, էնքանով որ ձևակերպումները բերվեն սահմանադրական դաշտ, և պարտադիր վճարները դառնան, ասենք` պարտադիր սոցապ վճար»,- ասաց պատգամավորը:

 

«Այս բարձրախոսի դիզայնը կարող է լինել կլոր, փայտիկով, կարող է լինել գաղտնի, մի կոճակի մեջ: Դիզայնի փոփոխություն ասելով` նկատի ունեի օրենքի փոփոխություն: Ես չասացի, որ եթե դիզայն է փոխվում, ուրեմն օրենքը քիչ է փոփոխվելու կամ չի փոփոխվելու: ՍԴ որոշումն ենք իրականացնելու, այդքան բան»,- ասաց Արթուր Ջավադյանը: