կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 17:37
Հասարակություն

«Փուչիկների դեպքից» երկու տարի անց աղջիկը ձեռնոցներով է շրջում. Աննային հրաժարվում են վիրահատել

«Փուչիկների դեպքից» երկու տարի անց աղջիկը ձեռնոցներով է շրջում. Աննային հրաժարվում են վիրահատել

2012-ի մայիսի 4-ին ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ` պայթեցին ու բռնկվեցին հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով էին լցված: Շատերն են հիշում այս դեպքը, բայց, ինչպես երևում է, ոմանք էլ այն մոռացության են մատնել` հիշելը ձեռնտու չէ:

 

Ուղղակի հիշողությունը թարմացնելու համար կուզենայի մեկ-երկու կարևոր մանրամասի մասին նշել` ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն այդ ժամանակ խոստացավ. «Գնալու ենք մինչեւ վերջ, բոլոր հիվանդներին բուժելու ենք, ոչ մի սպի չենք թողնելու»: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ էլ Հայաստան հրավիրված` Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը նշել էր, որ «եթե հանկարծ անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնությունը, թեեւ այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»:

 

21-ամյա Աննա Պետրոսյանը մեկն էր նրանցից, ով մայիսի 4-ին գնացել էր` ուղղակի համերգ լսելու: Yerkir.am-ի հետ զրույցում Աննան ասաց, որ այդ ժամանակ սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, և հրապարակ էին գնացել ուսանողական խորհրդի անդամներով:

 

«Հետո եղավ այն, ինչ եղավ: Ես մարմնիս տարբեր մասերին տարբեր աստիճանների վնասվածքներ եմ ստացել` դեմքիս առաջին կարգի այրվածք կար, աչքս էր ուռչել, ձախ ձեռքս` 2-րդ, աջն էլ 3-րդ կարգի այրվածներ էին ստացել: 2 շաբաթ հիվանդանոցում մնացի: Այնպիսի տպավորություն էր, որ բժիշկներն ուզում են տուն ուղարկել ինձ, ինձնից շուտ պրծնել: Ասում էին` ոչինչ, գնա տուն, տնից կգաս վիրակապության, և սա այն պարագայում, երբ 37,5 ջերմություն ունեի և չէի կարող ամեն օր գնալ-գալ»,- ասում է Աննան:

 

Նա տեղեկացրեց նաև, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ գերմանացի բժիշկը` Ադրիան Դայգլերը, իրեն էլ է զննել ու ասել, որ վիրահատության կարիք կա, քանի որ մաշկը գերաճ է տալիս և անհրաժեշտ է այդ մասը ձգել ու կտրել` պլաստիկ-վերականգնողական վիրահատություն անել: Բայց քանի որ վերքը դեռ թարմ է եղել, բժիշկն ասել է, որ դեռ չի կարելի վիրահատել, և խոստացել է 4 ամսից կրկին Հայաստան գալ և այդ ժամանակ էլ վիրահատել:

 

«Այրվածքաբանականի բժիշկները սկզբնական շրջանում ասում էին` դե, լավ է, Դայգլերը կգա, կվիրահատի, բայց հետո, կարծես, միանգամից մտափոխվեցին ու ասում էին, թե նա չի կարող գալ, հասկանո՞ւմ եք` ինչ մեծ ծախսերի հետ է կապված: Հետո նույնիսկ սկսեցին ասել, թե կարիք չկա վիրահատության, թե` ջահել աղջիկ ես, ի՞նչ է եղել, որ վիրահատեն, կանցնի, էլի»,- նշեց Աննան:

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, ինչպես Աննան է պատմում, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այդպես էլ իր առողջական վիճակով որևէ մեկը չի հետաքրքրվել, ֆիզիոթերապիա անցնելու համար ինքն է 2 անգամ դիմել հիվանդանոցին: Աննան հավաստիացնում է` այդ ընթացքում իրեն սիլիկոնային դեղեր էին հարկավոր, որն իրենք իրենց միջոցներով են հայթայթել:

 

«Հասկանո՞ւմ եք` ամեն անգամ պետք է գնայիր ու խնդրեիր, որ այդ դեղը քեզ տային, երկար սպասեիր, ու լինում էր, որ այդքանից հետո անգամ ասում էին, որ վերջացել է, չունեն: Նախագահի վերահսկողությունից ասել էին` խնդիր չկա, ցանկացած դեպքում կարող եք մեզ դիմել, մենք էլ որոշեցինք նրանց զանգել: Զանգում էինք` չէին պատասխանում, երևի մեր համարները գրանցված ունեին, բայց հետո, երբ ուրիշ հեռախոսահամարից զանգեցի, պատասխանեցին, թե` շատ լավ, մենք ձեզ կզանգահարենք: Բայց դրանից հետո միայն իմ բժշկին նկատողություն արեցին, ու վերջ, ինձ էլ չզանգեցին: Իսկ բժիշկս` Կարինե Բաբայանը, իրոք, լավ մասնագետ է, և նա բարեխղճորեն կատարել է այն, ինչ հասնում էր իրենից»,- ասում է Աննան:

 

Ի դեպ, Աննան մինչ օրս էլ մինչև արմունկը փակ է պահում ձեռքերը, քանի որ նախ` բժիշկները խորհուրդ են տվել խուսափել արևի ուղղահայաց ճառագայթներից, հետո էլ` աջ ձեռքն այտուցված է, և սպիները չեն անցել: Աննան նշեց նաև, որ երբ վիրահատության համար իրեն զննել է Այրվածքաբանության ինստիտուտի այրվածքաբանության բաժանմունքի վարիչ Հրայր Հակոբյանը, հարցրել է, թե ինչո՞ւ է աղջիկը փակ պահում ձեռքերը, և երբ ինքը նշել է, որ նախ չի կարելի և հետո` արտաքին տեսքն էլ տհաճ է, բժիշկը խորհուրդ է տվել բաց պահել ձեռքերը:

 

«Շատ զարմանալի է: Մտածում եմ` եթե նույնն իրենց երեխաների հետ լիներ, այսքան անտարբե՞ր կլինեին: Ուզում եմ դիմել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին` արդյոք Դուք տեղյակ չե՞ք, միգուցե Ձեզ ապատեղեկատվություն է հասնում, բոլորն արդեն բուժվե՞լ են: Խնդրում եմ աջակցել` եթե հնարավոր է` այստեղ կատարել վիրահատությունը, եթե ոչ` դրսում: Ասում են` մի փոքր վերք է, ինչի՞դ է պետք վիրահատել, ի՞նչ է` պետք է ամբողջ ձեռքս վերքերի մեջ կորած լիներ, որ նոր վիրահատեի՞ն»,- ասաց Աննան` հավելելով, որ չի կարծում, թե ինքը միակն է տուժածներից, ով դեռ բուժման կարիք ունի:

 

Ի դեպ, աղջիկը խորհրդատվություն է հարցրել նաև Գերմանիայի հիվանդանոցներից մեկից, և նրան տեղեկացրել են, որ մինչև վերքը չնայեն, չեն կարող ոչինչ ասել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Այրվածքաբանության ինստիտուտի այրվածքաբանության բաժանմունքի վարիչ Հրայր Հակոբյանը նշեց, որ գերմանացի բժիշկը դեպքից մեկ տարի անց էլ կրկին Հայաստան է եկել, վիրահատել որոշ հիվանդների, զննել մյուսներին:

 

«Մենք հիվանդներին տեղյակ ենք պահել, հիվանդներին նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանն է զննել: Եթե 50-ին հետևել ենք, մեկ հոգու հետ կապված խնդիր չէինք ունենա, չէ՞»,- ասաց Հակոբյանը:

 

Հարցին, թե աղջիկը նշում է, որ սկզբում բժիշկներն ասել են, որ վիրահատության կարիք կա, բայց հետո էլ, թե` «ջահել աղջիկ ես, ինչի՞դ է պետք», ինչո՞վ է պայմանավորված բժիշկների` նման արձագանքը, նա պատասխանեց. «Եթե ցուցում լինում է` տարիքը կապ չունի` ուզում է 98 տարեկան տատիկ լինի: Թող աղջիկը գա մեզ մոտ, և եթե պետք լինի` կուղարկենք, Արտավազդ Սահակյանն էլ կզննի»:

 

Մեր մյուս հարցին, թե հիվանդանոցն ինչ-որ կերպ հետևե՞լ է տուժածների առողջական վիճակին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, Հակոբյանը պատասխանեց, որ, այո, բնականաբար, հետևել են. «Միգուցե նրա համար ցուցում չի եղել` վիրահատելու: Թող վաղը գա, զննենք, հասկանանք»:

 

Կարինե Հարությունյան