կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 16:26
Հասարակություն

Միկոյանի արձանը չտեղադրելու մասին նոր նախագիծ կներկայացվի Երևանի ավագանուն

Միկոյանի արձանը չտեղադրելու մասին նոր նախագիծ կներկայացվի Երևանի ավագանուն

Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ներկա չի եղել Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրող որոշման ընդունման ժամանակ: Սակայն եթե ներկա լիներ, ապա իր կուսակիցների հետ միասին դեմ կքվեարկեր:

 

ԽՍՀՄ գործիչ Ա. Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու վերաբերյալ Մամուլի ազգային ակումբի կողմից կազմակերպված քննարկմանը նա խոսեց ոչ միայն որպես ավագանու անդամ, այլև ստալինյան բռնաճնշումների ժամանակ գնդակահարված մարդու ծոռ:

 

Սանասարյանն ասաց, որ եթե չկարողանան հասնել նրան, որ արձանը չտեղադրվի, ապա կարվեն քայլեր, որ արձանը տեղադրել նախաձեռնողները ամոթալի վիճակում կհայտնվեն: «Ես դեմ եմ վանդալիզմին, սակայն այդ արձանն այդպես չի մնա, կարմիրով կպատվի»,- ասաց նա:

 

Դ. Սանասարյանը նշեց նաև, որ ինքն էլ դեռ չի կողմնորոշվել` արձանը պե՞տք է տեղադրվի, թե՞ ոչ: Գուցե այն տեղադրելուց հետո ուսուցիչները սերունդներին կտանեն այնտեղ և ցույց կտան, թե ինչպիսի մարդ չպետք է լինել:

 

Սակայն Երևանի ավագանու անդամ Անահիտ Բաշխյանը նշեց, որ նույնիսկ դրա համար չարժե արձան տեղադրել: Նա հայտնեց նաև, որ նույն օրը` ապրիլի 30-ին, երբ ընդունվել է այդ աղմկահարույց որոշումը, ընդունվել է նաև մեկ այլ որոշում, որով սահմանվում է քաղաքացիների` քաղաքապետարանի աշխատանքներին մասնակցելու կարգը: Եվ դրա համաձայն` հանրությունը պետք է իրազեկված լինի քաղաքապետարանի գործունեությանը և կարողանա իր դիրքորոշումը հայտնել:

 

Այսպիսով, քանի որ հասարակությունն արդեն իսկ ծանոթ է, մասնավորապես, Միկոյանի արձանի տեղադրման որոշմանը և իր բողոքն արտահայտում է հնարավոր բոլոր միջոցներով, ապա վաղն ավագանու նիստի ժամանակ «Բարև Երևան» խմբակցության անդամները ներկայացնելու են նոր նախագիծ, որով պետք է չեղյալ համարվի Միկոյանի արձանը տեղադրելուն կողմ որոշումը: «Ետ կանգնելու համար շատ մեծ քաջություն պետք չէ»,- նշեց Ա. Բախշյանը:

 

Նա պատմեց նաև, որ դեռևս մինչև ապրիլի 30-ի` ավագանու նիստը, ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում կողմ է քվեարկել այդ որոշումը ավագանու նիստին ներկայացնելուն, քանի որ չի իմացել Միկոյանի հակահայկական գործունեության մասին: Հայկ Դեմոյանի հայտարարությունից հետո է սկսել փորփրել արխիվները և հիմա էլ ամաչում է, որ նման տեղեկությունների չի տիրապետել: