կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 14:04
Մշակույթ

Չի կարելի նման մարդու հիշատակը փրկել. Մերուժան Տեր-Գուլանյանը` Միկոյանի արձանը տեղադրելու մասին

Չի կարելի նման մարդու հիշատակը փրկել. Մերուժան Տեր-Գուլանյանը` Միկոյանի արձանը տեղադրելու մասին

Այն, ինչ արվել է Միկոյանի հիշատակը հավերժացնելու համար, լրիվ բավարար է, դեռ մի բան էլ շատ է նրա համար, այնպես որ` ևս մեկ հուշարձան տեղադրելու կարիք ամենևին էլ չկա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

 

Ըստ նրա` Միկոյանը մեծ պետական ու քաղաքական գործիչ էր խորհրդային շրջանի և պետության համար, բայց նա այնքանով կապ ունի Հայաստանի հետ, որքանով որ հայ էր:

 

«Միկոյանի անվամբ տուն-թանգարան կա, փողոց, դպրոց, սրանք լրիվ բավարար են: Ինձ զարմացնում է այս աղմուկը` արձանի տեղադրման հետ կապված.: Ի՞նչ է` ուրիշ դարդ ու ցավ չունե՞նք: Տարիներ առաջ, երբ «Գարուն»-ի խմբագիրն էի, ձեռքս մի փաստաթուղթ ընկավ, որտեղ 5-6 հոգով գրել էին Մոսկվային ուղղված մի նամակ, թե իրենք կարծում են, որ կարիք չկա` Ղարաբաղը Հայաստանի կազմում ներառվի, քանի որ Հայաստանը դա կօգտագործի ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու համար: Այդ փաստաթղթի տակ ստորագրել էր նաև Միկոյանը: Հասկացեք` չի կարելի նման մարդու հիշատակը փրկել»,- ասաց Տեր-Գուլանյանը:

 

Նրա կարծիքով` եթե անգամ Միկոյանն այդ ամենն արել է Ռուսաստանին հաճոյանալու համար, թող Ռուսաստանում էլ տեղադրվի նրա արձանը:

 

Տեր-Գուլանյանի համար անհասկանալի է նաև այն փաստը, որ Երևանի ավագանին, երբ քննարկել էր արձանը տեղադրելու մասին հարցը, գրեթե բոլորը կողմ էին եղել: Հավանաբար, Տեր-Գուլանյանի կարծիքով, ավագանու անդամները շատ խորը չեն մտածել:

 

«Ես դեմ եմ արձանի կառուցմանը և դրա տեղադրման մեջ վտանգ եմ տեսնում: Մենք անում ենք ամեն ինչ, որ Ցեղասպանությունն աշխարհը ճանաչի, իսկ Միկոյանն ու նրա նմանները եղեռնագործներ էին»,- իր կարծիքն ամփոփեց Տեր-Գուլանյանը: