կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 11:18
Հասարակություն

Ով գիտելիք ունի, մեզ մոտ բարձր գնահատական ունի. Հովիկ Աբրահամյան

Ով գիտելիք ունի, մեզ մոտ բարձր գնահատական ունի. Հովիկ Աբրահամյան

Այսօր մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները:

 

Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին: Երկրի վարչապետը հաջողություն է մաղթել երեխաներին և ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:

 

«Մեր նպատակն է արդար մրցակցություն ապահովել: Մենք վերահսկելու ենք, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակում: Ով գիտելիք ունի, մեզ մոտ բարձր գնահատական ունի: Մաղթում եմ, որ ձեր գիտելիքներն ազատ, համարձակ ցուցաբերեք և հաջողության հասնեք», - նշել է կառավարության ղեկավարը:

 

Այնուհետև Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են 2014 թ. «Կենսաբանություն» առարկայի միասնական քննության թեստերի փակ ծրարները:

 

Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ վարչապետը համբերություն է մաղթել նրանց և հորդորել ցանկացած մտահոգության, անարդարության պարագայում անհապաղ հայտնել իրեն: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ այդպիսի դեպքերի արձանագրման ժամանակ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

 

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարևորել է պետության կողմից քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովումը, ինչը թույլ կտա ազնիվ և արդար մրցակցության պայմաններ ստեղծել:

 

Պետության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր ուսանող կրթություն ստանալու հնարավորություն ունենա՝ անկախ սոցիալական պայմաններից: