Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Անաստաս Միկոյանի ավագ որդու նամակին, որով նա շնորհակալություն է հայտնում Երևանի ավագանուն իր հոր արձանը տեղադրելու մասին որոշումն ընդունելու համար: Ստորև ներկայացնում ենք Հ. Խառատյանի գրառումը.
«Չնայած հայ ժողովրդի և Հայաստանի հետ հետ ազգանունից զատ որևէ առնչություն չունեցող Միկոյանի ավագ որդին իր հայր Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը «տրամաբանական ու արդարացված» համարելու իր խոսքն սկսում է հավաստելով, որ իր հայր Միկոյանը գովազդվելու կարիք չունի, այնուամենայնիվ զբաղվում է հենց դրանով,-գովազդով, թվարկելով Միկոյանի՝ իր նկատառումով դրվատանքի արժանի գործերը: Անշուշտ որոշ հարցեր են առաջացնում իր պատկերացումները, մասնավորապես ի՞նչ ասել է ՝ «Նրա երկար տարիների աշխատանքի հիմքը եղել է մեր ազգին, այդ թվում և հայերին, սպառողական ապրանքների ապահովումը»,-ո՞րն է այդ «մեր ազգը»՝ ԽՍՀՄ բնակչությու՞նը:
«Սպառողական ապրանքներ» մատակարարե՞լու համար են Միկոյանի արձանը ուզում կանգնեցնել Երևանում: Այդ ապրանքների հիմնական մատակարարը այսօրվա Հայաստանում Լֆիկ Սամոն է: Նա այդ գործը հիանալի է անում՝ քանդելով մեր երկրի նյութական, հասարակական և բարոյական արժեքները և հյուծելով Հայաստանի բնակչության չպաշտպանված բնակչությանը: Ավելի մեծ մասշտաբներով ու ձևերեով նույն բանն է արել Միկոյանը: Առաջնորդվելով մեր մշակույթի նախարարի խորհրդով՝ «մոռանանք վատը, հիշենք լավը», Լֆիկ Սամոյին ու Միկոյանին նույն սկզբունքներով արժևորելու դեպքում նրանց արձանները միմյանց կողքի պետք է դրվեն՝ երկուսն էլ «սպառողական ապրանքներ են մատակարարել», երկուսն էլ հիմնովին քանդել են հասարակական արժեքները, երկուսն էլ իշխանության և իշխող կուսակցության մաս են, երկուսն էլ հնազանդորեն քվեարկել են երկրի բնակչության ստրկացման ծրագրերի օգտին:
Մի բանում Միկոյանի որդին ճիշտ է՝ Հայաստանը Միկոյանի ոչ թե հայրենիքն է, այլ՝ «պատմական հայրենքին» է, նա այնտեղ ծնվել է: Այդքանը բավական է եղել, որ Միկոյանը Հայաստանի հանդեպ մասնավոր իրավունքներ ունենա՝ որոշի Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը՝ ո՞ր մասը կտրել, ու՞մ տալ, ինչքա՞ն մարդ սպանել, ու՞մ չսպանել, ինչպե՞ս տնօրինել ցեղասպանությունից փրկված թուրքահայերի ճակատգիրը /և այս ամենը՝ հայերի ու Հայաստանի դեմ/ և, իհարկե, ամեն, ամեն ինչ անել, որպեսզի իր սեփական ժառանգները, Աստված մի արասցե, Հայաստանի հետ որևէ առնչություն չունենան:
Նրա ընտանիքում նույնիսկ հայերենը «գաղտնալեզու էր» և օգտագործվում էր միայն ու միայն իր կնոջ հետ զավակների համար անհասկանալի զրույցի դեպքում, քանի որ զավակները հայերենի նման անարժան լեզվի հետ որևէ առնչություն չպիտի ունենային: Միկոյանի մասին ժառանգների կողմից պատվիրված ֆիլմերում հենց իրենք են այդ մասին պատմում: Եվ, իհարկե, Անաստաս Միկոյանի ավագ որդու համար այդ թերարժեք լեզվով խոսող «պատմական հայրենիքի մայրաքաղաքում» Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը «տրամաբանական և արդարացված է»:
Սա է այս մարդու մեծահոգի գնահատականը՝ «տրամաբանական և արդարացված»: Նա նույնիսկ շնորհակալ չի դրա համար, քանի որ իր հոր այդ անհասկանալի «պատմական հայրենիքը», որը ոչինչ, բացարձակապես ոչինչ է ի՛ր համար, ոչինչ չի ասում նրա հոգուն, մտքին, զգացմունքներին, դաստիարակությանը, աշխարհայացքին, բայց որը ի թիվս իր համար հասկանալի «մեր ազգի» /ԽՍՀՄ-ի՞, ռուսնե՞րի/ օգտվել է Միկոյանի «մատակարարած սպառողական ապրանքներից», իհարկե, պետք է մեծարի իր հորը որպես նրա «պատմական հայրենիք»: