Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում: Նախարարը ծանոթացավ վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությանը, գործիքային և լաբորատոր հետազոտությունների հնարավորություններին, մասնագետներով ապահովվածությանը: Բժշկական կենտրոնում նա ծանոթացավ սիրիահայ բժիշկ, մանկաբույժ Վարանդ Կիրակոսյանի հետ, ով արդեն մեկ տարի է, աշխատում է Սպիտակում:
Վանաձորում Արմեն Մուրադյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ։
«Առողջության առաջնային պահպանումը կառավարության գերակա ուղղություններից է, հետևաբար մեզ համար պոլիկլինիկական յուրաքանչյուր խնդրի լուծում կարևոր է։ Հուլիսի 1-ից այս օղակում աշխատավարձներն էականորեն կբարձրանան։ Սակայն դա միաժամանակ ենթադրում է նոր մոտեցումներ և ավելի որակյալ աշխատանք։ Պոլիկլինիկայի բժիշկը պետք է ձգտի իր կողմից սպասարկվող բնակչությանն առողջ պահել և հիվանդությունները վաղ հայտնաբերել»,- ասաց Արմեն Մուրադյանը։
Նա առաջնային օղակի բժիշկներին հորդորեց հետամուտ լինել, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ այցելեն պոլիկլինիկա, ինչը հնարավորություն կտա ժամանակին ախտորոշել սրտանոթային կամ ուռուցքային հիվանդությունները։ Այնուհետև նախարարը եղավ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, որն իրականացնում է մարզի հոգեկան խնդիրներ ունեցող շուրջ 4500 բնակչի դիսպանսեր հսկողություն: Ծավալված 30 մահճակալը բավարարում է, ըստ անհրաժեշտության, նրանց հիվանդանոցային բուժումը կազմակերպելու համար:
Արմեն Մուրադյանի հաջորդ շրջայցը Վանաձորի բժշկական կենտրոնում էր։ Նա ծանոթացավ հիվանդանոցի պայմաններին, հագեցածությանը, շրջեց վիրաբուժական և «Սուրբ Նարեկ» մանկական բաժանմունքերում: Նախարարն իր մտահոգությունը հայտնեց, որ մանկական վերակենդանացման բաժանմունքը ստեղծման օրվանից չի գործում հիմնականում մասնագետների պակասի պատճառով։
Այսօր Արմեն Մուրադյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացավ խորհրդակցություն, որի ժամանակ նախարարը մարզպետարանների առողջապահության վարչության ղեկավարներին երկու շաբաթ ժամանակ տվեց` ներկայացնելու, թե մարզային բժշկական կազմակերպությունները նյութատեխնիկական և կադրային ինչ հագեցվածություն և կարիքներ ունեն։
«Սպիտակի բժշկական կենտրոնում միայն մեկ անեսթեզիոլոգ է աշխատում։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվեն, եթե միաժամանակ անհետաձելի վիրաբուժական միջամտություն կատարելու անհրաժեշտություն լինի, կամ, ասենք, մասնագետը հիվանդանա»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` դժվար է համաձայնել այն մտքին, որ մասնագետները մարզերում չեն ցանկանում աշխատել, քանի որ ոչ ամենուրեք են հրապուրիչ պայմաններ առաջարկվում։ «Մենք կփորձենք ԵՊԲՀ շրջանավարտներին ու ռեզիդենտներին ուղղորդել մարզերի լավագույն մասնագետների մոտ` հմտություններ ձեռք բերելու, իսկ մարզերը հրապուրիչ պայմաններ առաջարկեն։ Խնդիր է նաև անեսթեզոլոգների, այլ նեղ մասնգետների անհամաչափ բաշխվածությունը միևնույն մարզում»,- ասաց Արմեն Մուրադյանը։
Նա տեղեկացրեց, որ մայրաքաղաքի անեսթեզիոլոգների հետ կքննարկվի մարզերում անեսթեզիոլոգիական ծառայության պատշաճ ապահովման խնդիրը, և կփորձեն լուծում գտնել։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքը: