կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-04 15:17
Տնտեսական

Առաջիկա մեկ ամսում նաիրիտցիների աշխատավարձերն ամբողջությամբ կվճարվեն

Առաջիկա մեկ ամսում նաիրիտցիների աշխատավարձերն ամբողջությամբ կվճարվեն

ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանից հետաքրքրվեց, թե էներգետիկայի նախարարության գործառույթներո՞ւմ է «Նաիրիտ» գործարանի հարցով զբաղվելը, ի՞նչ կապ ունի էներգետիկայի նախարարությունը «Նաիրիտ»-ի հարցի հետ:

 

Փոխնախարարը նշեց, որ էներգետիկայի նախարարությունը քննարկում է կազմակերպել այդ սոցիալական մեծ հնչեղություն ունեցող հարցով, մշակվում են ծրագրեր, որոնք ուղղված են «Նաիրիտ»-ի վերագործարկմանը, բայց վերագործարկումը հնարավոր չէ իրականացնել` նման մեծածավալ բեռը երկար տարիներ տեղափոխելով:

 

«Ասենք` 2200 աշխատակից` չաշխատող գործարանում, որի հետ կապված սոցիալական խնդիրներ կան: Առաջիկայում նախատեսվում է միջոցներ գտնել` աշխատողների աշխատավարձերի պարտքերը ամբողջությամբ մարելու, օպտիմալ քանակով վերագործարկման ծրագիր իրականացնելու համար: Թույլ տվեք հիմա չմանրամասնել, առաջիկայում` մեկ ամսվա ընթացքում, այդ աշխատավարձերի վերադարձման և ապագա ծրագրերի ուղղությամբ կարվեն քայլեր»,- ասաց փոխնախարարը:

 

Արծվիկ Մինասյանը կրկին հարցրեց, թե, ֆունկցիոնալ առումով, քիմիական այդ հսկայի հետ էներգետիկայի նախարարությունը ի՞նչ կապ ունի, և արդյո՞ք էներգետիկայի նախարարությունը չի պատրաստվում առաջարկ ներկայացնել, որ «Նաիրիտի» կառավարման իրավասությունները փոխանցվեն էներգետիկայի նախարարությանը:

 

«Մենք տնտեսական հարցերի հանձնաժողովում նիստ ունենք, որտեղ պետք է քննարկվի «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Լավ կլինի, որ էներգետիկայի նախարարությունը ներկայացնի իր փաստարկները` «Նաիրիտի» վերագործման ուսումնասիրման համար»,- ասաց պատգամավորը: