Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է վերջերս Ռուսաստանում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի շրջանակում մաթեմատիկա, ինֆորմատիկա և ռազմական անգլերեն առարկայական առաջնություններին մասնակցած ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտներին:
Կուրսանտները Հայաստան են վերադարձել բարձր ցուցանիշներով. մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի թիմային հաշվարկում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Թիմի ներկայացուցիչ, ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտ, ԵՊՀ մեխանիկական մաթեմատիկայի մագիստրատուրայի շրջանավարտ Արտաշես Բեգլարյանը անհատական հաշվարկում նույնպես զբաղեցրել է երկրորդ տեղը:
Գրանցած հաջողությունների և հայոց բանակի սպայի վարկը միջազգային օլիմպիադայում բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արտաշես Բեգլարյանին պարգևատրել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Ռազմական ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտներ Սիփան Գրիգորյանը, Սահրադ Աբրահամյանը, ինչպես նաև ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտ Դավիթ Մելյանը պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են պատվոգրերի:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները պատվով են կատարում ոչ միայն իրենց մարտական խնդիրները, այլև կարողանում են միջազգային ասպարեզում փայլուն հանդես գալ մասնագիտական իմացությամբ:
Ընդունելությանը ներկա էին նաև օլիմպիադայում Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները ներկայացրած թիմերի ղեկավարները` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոսներ, գնդապետ Մնացական Խաչատրյանը և մայոր Դավիթ Սոֆյանը: Այս մասին հայտնում է ՊՆ կայքը: