|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները` ստանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը:
Մինչ արարողությունը Ամենայն հայոց հայրապետն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:
ՀՀ պաշտպանության նախարարը Նորին սրբությանը ներկայացրել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումները` դրանց շրջանակում մեծապես կարևորելով ապագա սպաների այցը Մայր Աթոռ: Վիգեն Սարգսյանը Վեհափառ հայրապետին տեղեկացրել է նաև զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի մասին:
Ողջունելով նոր ձեռնարկները, Գարեգին Բ կաթողիկոսն իր հերթին ընդգծել է, որ այսօր ազգի ուշադրության առանցքում պիտի լինեն Հայրենիքի պաշտպան հայ զինվորն ու սպան:
Հանդիպման ավարտին Մայր Տաճարում կատարվել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների օրհնության արարողությունը: Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է բերել նորընծա սպաներին:
Ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 24-ի երեկոյան ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները կհյուրընկալվեն նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ դիտելու «Գայանե» բալետը: