կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 12:19
Սպորտ

Ըմբշամարտ. Միհրան Ջուբարյանը` Ալի Ալիևի մրցաշարի արծաթե մեդալակիր

Ըմբշամարտ. Միհրան Ջուբարյանը` Ալի Ալիևի մրցաշարի արծաթե մեդալակիր

Հանգստյան օրերին Կասպիյսկում 45-րդ անգամ ընթացավ աշխարհի 5-ակի չեմպիոն, անվանի ըմբիշ Ալի Ալիևին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հեղինակավոր միջազգային մրցաշարը:


Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցաշարին մասնակցած 110 ուժեղագույն ըմբիշների թվում էին նաև Հայաստանի 8 պատվիրակներ, որոնք ելույթ ունեցան 57, 65 և 74 կգ քաշային կարգերում: Մեր ըմբիշներից առավել հաջող հանդես եկավ 57 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Միհրան Ջաբուրյանը: Բազմափորձ հայ ըմբիշը հասավ եզրափակիչ ու միայն այնտեղ, 2:9 հաշվով զիջելով այս մրցաշարի կրկնակի հաղթող` ռուսաստանցի Արտյոմ Գեբեկովին, արժանացավ արծաթե մեդալի: Ստուգատեսի լավագույն ըմբիշ ճանաչված Գեբեկովը, ոսկե մեդալից ու գլխավոր մրցանակից բացի, պարգևատրվեց հատուկ մրցանակով ու ստացավ 300 հազար ռուբլի պարգևավճար:

 

Արծաթե մեդալի արժանացավ նաև 65 կգ քաշային կարգում եզրափակիչում ռուսաստանցի Ահմեդ Չակաևին զիջած` Ուկրաինան ներկայացնող Տիտալ Ջաֆարյանը:

 

Ռուսաստանցիները նվաճեցին խաղարկված մեդալների առյուծի բաժինը` 8 ոսկե մեդալներից 7-ը բաժին հասավ նրանց, միայն գերծանր քաշային կարգում՝ ադրբեջանցի Ալի Իսաևին:

 

 Հայաստանի պատվիրակներից երկուսին՝ Գառնիկ Մնացականյանին և Նարեկ Սիրունյանին, համապատասխանաբար, 57 և 65 կգ քաշային կարգերում հաջողվեց գրավել 5-րդ տեղերը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 29-31-ը ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների 6-ական առաջատար ըմբիշներ ՝ հիմնականում 1-ին համարները, Իտալիայի Սասարի քաղաքում մասնակցելու են միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշարի: