կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 20:12
Հասարակություն

Չխաթարելով բարեփոխումը՝ ունենալ բոլորի համար ընդունելի օրենք. վարչապետը՝ կուտակայինի մասին

Չխաթարելով բարեփոխումը՝ ունենալ բոլորի համար ընդունելի օրենք. վարչապետը՝ կուտակայինի մասին

Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղեց հարց, որը վերաբերում էր իշխանությունների կողմից «պարտադիր կուտակային համակարգ» բառակապակցության գործածմանը:

 

«Չե՞ք կարծում, որ «պարտադիր կուտակային համակարգ» բառակապակցության օգտագործումն ու այս հարցով կարծր կեցվածքը հենց հանդուժողականության դեմ ուղղված գործողություն է: Չի՞ նպաստի, արդյոք, նման կեցվածքը լարվածության մեծացմանը»,- հարցրեց պատգամավորը:

 

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը մինչ հիմա այդ օրենքի վերաբերյալ որևէ կոնկրետ տեսակետ չի հայտնել, այլ արել է մի քայլ, որը հրատապ է համարել, մինչև օրենքի նոր փաթեթ ներկայացնելը: Նա հավելեց, որ նոր փաթեթի առումով կառավարությունը նույնպես դեռ կոնկրետ որևէ որոշում չունի, քանի որ քննարկումների արդյունքում փորձելու են գտնել լուծում, որը բոլորի համար ընդունելի կլինի:

 

«Չխաթարելով բարեփոխումը՝ ունենալ որոշում, որը հնարավորինս լայն շերտերի համար ընդունելի կլինի, նաև ընդունելի կլինի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի կողմից: Սա է մեր նպատակը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ օրենքը ԱԺ-ի քննարկմանը կփորձեն ներկայացնել մինչև հունիսի վերջը:

 

Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Խնդիրը քաջ հասկանում ենք թե' մենք, թե' դուք, բայց «պարտադիր կուտակային» բառակապակցությունը արդեն նշանակում է, որ կառավարությունը շարունակում է չհիմնավորված կարծր կեցվածքը: Հավատացնում եմ, որ դա կբերի էլ ավելի լարվածության մեծացման»:

 

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կուտակայինի մասով ավելացնելու բան չունի: