կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 15:55
Տնտեսական

Չեն ուզում հրաժարվել «Հարավային երկաթուղու» գաղափարից

Չեն ուզում հրաժարվել «Հարավային երկաթուղու» գաղափարից

Տրանսպորտի ոլորտում, ըստ կառավարության ծրագրի, առաջնահերթություն կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հատվածներում իրականացվող ներդրումներին։

 

Նոր կառավարությունը իր ներկայացրած ծրագրում պահպանել է նախորդ կառավարության ծրագրից` տրանսպորտի ոլորտին վերաբերող մի շարք կետեր, որոնց շուրջ քննարկումները, քննադատությունները, վերլուծությունները չեն դադարել: Օրինակ' դրանցից մեկն այն է, որ նոր ծրագրով էլ է նախատեսվում, օրինակ, պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում «Հարավային երկաթուղի»   նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումների ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում: Որ այսպիսի կետ է «ներմուծվել» կառավարության ծրագրի մեջ, առնվազն զարմանալի է: Որովհետև, ինչպես հիշում ենք, այս տարվա փետրվարի 21-ին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ,  «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործող' ԱՄԷ-ում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին հայտարարեց, որ ոչ միայն պատրաստ էին այդ փաստաթղթերը, այլև իբր պատրաստ էր ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունն ու նախնական ծրագիրը... Եվ եթե կառավարությունն իր ծրագրում նման խնդիր է դնում, նշանակում է, որ նախկին հայտարարությունը պարզապես բլեֆ էր: Թեեւ հենց այն ժամանակ էր թերահավատություն արտահայտվում այս ծրագրի նկատմամբ և նշվում, որ ֆանտաստիկայի ժանրից է` իրականացնել մի ծրագիր, որի բյուջեն համարյա հավասար է երկրի բյուջեին' 3.2 միլիարդ դոլար է:

 

«Հյուսիս-հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցման ծրագիրն էլ է իր պատվավոր տեղը գտել նոր կառավարության ծրագրում: Ուշագրավ է, հատկապես, որ ծրագրում ներառվել է նաև այս կետը' «շարունակական ջանքեր կգործադրվեն դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ»: Այն ուշագրավ է հատկապես նոր աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, քանի որ պետք է անցնի Վրաստանով: Այդ երկիրը այնքան էլ «բարեկամաբար» տրամադրված չէ Ռուսաստանի հանդեպ, իսկ առաջիկայում սպասվում է հարաբերությունների վատթարացում, քանի որ Վրաստանում ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարեց, թե ՆԱՏՕ-ի անդամները պետք է քննարկեն Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազա տեղակայելու հարցը: Սրանից հետո ի՞նչ կլինի ռուս-վրացական հարաբերությունների, հետևաբար` նաև «դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու» դրույթը, դժվար չէ պատկերացնել: Մի՞թե կառավարությունում սա հաշվի չեն առել:

 

Ամեն դեպքում' նոր կառավարությունը խոստանում է ավելացնել Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարության ծավալը, ընդ որում` նշվում է, թե այլ քաղաքներում ևս բարձրացվելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպը: Կառավարությունը խոստանում է նաև ավելացնել միջպետական, հանրապետական և տեղական նշանակության (այդ թվում՝ գյուղական համայնքներն սպասարկող) ավտոճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների պահպանման ու հիմնանորոգման նպատակով հատկացվող պետական ներդրումների ծավալը: Թե ի՞նչ տեղական նշանակության կամ միջհամայնքային ճանապարհներ են նախկինում պահպանվել կամ վերանորոգվել, չգիտենք, բայց Հայաստանում հարյուրավոր, հազարավոր են նման նշանակության այնպիսի ճանապարհներ, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո ո'չ նորոգում, ո'չ էլ վերանորոգում են տեսել, եւ արդեն դժվար է դրանք ճանապարհ կոչելը:

 

Մի շարք կետեր էլ կառավարությունը ունի օդային տրանսպորտի վերաբերյալ: Մասնավորապես` նախատեսվում է իրականացնել առավել ազատականացված «բաց երկնքի» քաղաքականություն, ապահովել հավասար մրցակցային պայմաններ Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային փոխադրում իրականացնող հայկական և օտարերկրյա ավիափոխադրողների համար և այլն: Կառավարությունը վստահեցնում է' քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակները կհամապատասխանեցվեն եվրոպական և միջազգային ստանդարտներին:

 

Ամենաուրախալի լուրը' կառավարության ծրագրի տրանսպորտային նենթակառուցվածքների ոլորտի մասով, թերևս, այն է, որ կառավարությունը նախատեսում է նորացնել և արդիականացնել հասարակական տրանսպորտը, խթանել միջպետական, միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգի վերափոխումը' մեծացնելով սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար: