կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 16:04
Հասարակություն

ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց 5 միլիոն դրամով

ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց 5 միլիոն դրամով

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջի՝ նոյեմբերի 11-ին ՀԾԿՀ-ն նիստ է անցկացրել, որի օրակարգում էր ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:

Նշվում է, որ դեռ 2011-ին ՀԾԿՀ-ն «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է «ՍԻՐԱՐՓԻ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան՝ 15 տարի գործողության ժամկետով: Եվ ՀԾԿՀ աշխատակազմի կողմից էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2012-2015 թվականների ընթացքում պարբերաբար գերազանցվել է «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայանի դրվածքային հզորությունը, իսկ որոշ դեպքերում այն գերազանցվել է մի քանի տասնյակ անգամ, ուստի 2015 թվականի սեպտեմբերի 24-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Փաստվել է, որ էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգում գրանցված կայանի դրվածքային հզորության մի քանի տասնյակ անգամ գերազանցումը առևտրային հաշվառքի սարքի սխալ ցուցմունքի արդյունք է և չի համապատասխանել կայանում փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի քանակությանը, ինչի հետևանքով վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ եռակողմ ակտում էլեկտրական էներգիայի քանակության մեծությունները սխալ են գրացվել: Որոշվում է ընկերությանը տուգանել հինգ միլիոն դրամ գումարի չափով և այն փոխանցել ՀՀ պետական բյուջե:

ՀԾԿՀ-ն որոշել է տուգանել նաև «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին 500 հազար դրամ գումարի չափով և փոխանցել այն ՀՀ պետական բյուջե: