Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և աջակցության խնդիրները հայաստանյան պետական կառույցների կողմից կարևորվում են: Կարող ենք ասել նույնիսկ, որ կարևորվում են այնքան, որ միանգամից երկու օրենքի նախագիծ է գրվում, երկուսն էլ հավանության են արժանանում ու ներկայացվում Ազգային ժողով:
Դեռևս նախորդ տարվա ամռանը ՀՀ ոստիկանությունն իր ինտերնետային կայքում հրապարակեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրինագիծը`բաղկացած 29 հոդվածից:
Պարզվում է, որ այս տարվա մարտին Ազգային ժողովին «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» օրինագիծ է ներկայացրել նաև «Օրինաց երկիր» կուսակցության ԱԺ խմբակցությունը` բաղկացած 27 հոդվածից:
Այս երկու օրինագծերի պարզ համեմատությունից երևում է, որ դրանց մեջ առանձնակի տարբերություններ չկան` մեկ-երկու հոդված` ավել-պակաս, նախադասությունների մեջ մի քանի բառ այս կողմ, այն կողմ: Հիմնական կառուցվածքը, տերմինաբանությունը նույնն են:
Թե ինչպե՞ս է պատահել, որ ՕԵԿ պատգամավորները մտածել ու շարադրել են այնպես, ինչպես ոստիկանության աշխատակիցները, փորձեցինք ճշտել հենց ՕԵԿ-ական պատգամավորներից, սակայն` ապարդյուն, ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ավագ խորհրդատու Դավիթ Թումասյանի հետ: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ծանոթ է երկու օրինագծերին էլ և նախապատվությունը տալիս է առաջինին:
«Ոստիկանության կողմից ներկայացված օրինագիծը զոհակենտրոն և ճիշտ նախագիծ է: Այս նախագիծը քննարկվել է միջազգային փորձագետների կողմից, բացթողումները շտկվել են, և կարծում եմ, որ ավելի քիչ բացեր ունի: Այս նախագծի մշակման վերջին փուլում ՕԵԿ-ը ներկայացրեց այդ օրինագիծը»,- ասաց Դ. Թումասյանը:
Նա նշեց նաև, որ 2008 թվականից Հայաստանում գործում է թրաֆիքինգի ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգ, որի կիրառելիության ընթացքում առկա բացթողումները հաշվի առնելով էլ` ոստիկանության կողմից մշակվել է վերոնշյալ օրինագիծը: «Մոտ 5,5 տարի է` գործում է ուղղորդման կարգը, և այս ընթացքում արձանագրվել են բացթողումները, որոնք արդեն իսկ պատրաստ օրենքը վերացնում է»,- ասաց Դ. Թումասյանը: