Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում, ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության հետ, բացահայտել է ՀՀ ՊԵԿ առանցքային վարչություններից մեկի պետի տեղակալի և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ից:
Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ-ն և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա-ն, ի պաշտոնե լիազորված լինելով տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը և արձանագրել նշված հանգամանքը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, չեն արձանագրել չվճարված հարկերի ողջ ծավալը, ինչի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումար:
Նշվածի դիմաց Հ.Մ-ն և Ա.Ա-ն տնտեսվարողից պահանջել և ստացել են 65.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որից 5.000 ԱՄՆ դոլարը՝ կանխիկ, 60.000 ԱՄՆ դոլարը՝ կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով:
Ստացված կաշառքի ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով նշված բնակարանները ձևակերպվել են Հ. Մ.-ի և Ա. Ա.-ի մտերիմ անձանց անուններով, որով փորձ է արվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող կազմակերպության ղեկավարի աշխատանքի և բնակության վայրերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր:
Հ.Մ-ն, Ա.Ա-ն և ևս երեք անձ ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: