Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գաղտնի դարձնել ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ծախսերը, ԲՀԿ, ՕԵԿ և ՀԱԿ մի քանի պատգամավորներ տարակուսանք հայտնեցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ տվյալ օրինագիծը հրատապ կարգով արտահերթ նիստով է անցնում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ արտահերթ նիստի օրակարգը համաձայնեցվել է իր հետ, և քանի որ գարնանային նստաշրջանը հագեցած էր քաղաքական հարցերով, բուն օրենսդրական գործունեությունը մի փոքր հետ էր մղվել, ահա` ինչու այդ օրինագծերը ներառվել են արտահերթ նիստում:
Անդրադառնալով օրենքի նախագծին` նա նշեց, որ ծախսերի մասին հանրությունը տեղեկանում է բյուջեի ծախսերի մասին հաշվետվության և քննարկումների արդյունքում: «Կխնդրեմ հիմնական զեկուցողին` Արզուման Հարությունյանին, որ օրենքի նախագծի արձանագրային մասն ավելի հասկանալի ներկայացնի, որ նման խնդիրներ չառաջանան պատգամավորների մոտ: Խոսքը վերաբերում է ծառայությունների մատուցման գաղտնիությանը: Գաղտնին դեռևս թաքունը չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ մտադրություն չուներ ելույթ ունենալու, սակայն օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներն այլ ընթացք ստացան: «Սին են այն մտայնությունները, թե ինչ-որ բան հնարավոր է գաղտնի պահել մեր երկրում, ոչ միայն այն պատճառով, որ երկիրը փոքր է, ու բոլորս բոլորիս մասին ամեն ինչ գիտենք, այլ այն գլխավոր հանգամանքի պատճառով, որ մենք` բոլորս, իրականացնում ենք հանրային վերահսկողություն հենց այս դահլիճում, երբ բյուջետային քննարկումներ են լինում` առանձին հատուկ նիստ նվիրելով դրան, մանրամասն քննարկելով բոլոր ծախսերը»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա նշեց, որ օրենքի նախագծի հրատապության խնդիրն էլ չկա, որովհետև այդ օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ փետրվարին, և այն հինգ ամիս խորհրդարանում մնալուց հետո անցել է նորմալ ընթացակարգով: «Խնդիրն այն է, որ քաղաքական հարցերի պատճառով օրենսդրական աշխատանքի կուտակումներ են առաջացել, և օրենսդրական «զավալը» մաքրելու անհրաժեշտություն էր առաջացել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը` կրկնելով Գալուստ Սահակյանի այն միտքը, թե գաղտնին դա թաքունը չէ: