կարևոր
469 դիտում, 36 րոպե առաջ - 2025-12-03 16:17
Տարածաշրջան

Վրաստանը մինչև 2030 թվականը պատրաստ կլինի անդամակցելու ԵՄ-ին

Վրաստանը մինչև 2030 թվականը պատրաստ կլինի անդամակցելու ԵՄ-ին

Վրաստանը պատրաստ կլինի մինչև 2030 թվականն անդամակցելու ԵՄ-ին, սակայն ամեն ինչ կախված է այն բանից` արդյոք Բրյուսելը կփոխի իր դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Deutsche Welle մեդիախմբին տված հարցազրույցում:

«Մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի Եվրամիությանն անդամակցելուն, սակայն այսօր մենք չգիտենք, թե ԵՄ-ն կփոխի արդյոք իր հայացքները: Նրանք առաջնորդվում են երկակի չափանիշներով: Գլխավորը երկխոսությունն է, սակայն  նրանք չեն մասնակցում մեզ հետ երկխոսությանը: Երբեմն ճանաչում են կառավարությանը, երբեմն՝ ոչ: Դա անհեթեթություն է», - ասել է Ղավելաշվիլին:

2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ:

ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ օրենքից, սակայն կառավարող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդել են, որ օրենքի նպատակը Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումն է, որոնցից որոշները փորձել են հեղափոխություն կազմակերպել երկրում: