կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 11:44
Քաղաքական

Թույլ մրցակիցների հետ մրցելն ավելի վտանգավոր է. Գալուստ Սահակյան

Թույլ մրցակիցների հետ մրցելն ավելի վտանգավոր է. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարգանքով է վերաբերվում նախագահական ընտրություններում չառաջադրվելու` Լեւոն Տեր Պետրոսյանի որոշմանը: Չնայած սրան` նա չի կարծում, որ Տեր-Պետրոսյանի նման որոշման պատճառը տարիքն էր, ինչպես նշել է առաջին նախագահն իր հարցազրույցում:

 

«Տարիքը պատճառ բերելը աբսուրդ է: Չեմ կարծում, որ տարիքը քաղաքական գործընթացների գնահատման արժեքների մեջ որոշակի դերակատարում կարող է ունենալ»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Սահակյանը: Նա վստահ է, որ Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց, քանի որ այն թիմը, որ պետք է օգներ Տեր-Պետրոսյանին, չկարողացավ այն կապիտալը ստեղծել, որ հնարավոր դարձներ առաջադրման հարցը:

 

«Բնական է, շատ ցավալի կլիներ, եթե առաջին նախագահն առաջադրվեր եւ շատ քիչ ընտրազանգված իր հետեւից տաներ»,-հայտարարեց Սահակյանը եւ վստահեցրեց, որ Տեր-Պետրոսյանը հենց սրա պատճառով հրաժարվեց նախագահական ընտրություններից:

 

Դիտարկմանը` չե՞ք կարծում, որ դաշտն ամայացավ, ու Սերժ Սարգսյանին ուժեղ մրցակից չմնաց, Սահակյանն արձագանքեց. «Իհարկե, քաղաքական դաշտի համար էլ է վտանգավոր, բայց կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո նոր իրողություններ կլինեն, քաղաքական դաշտը մի փոքր ավելի կգնա դեպի դասականության»:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը չցանկացավ Սերժ Սարգսյանի մրցակիցներին, օրինակ` էպոսագետին, թույլ մրցակից անվանել, բայց խոստովանեց. «Իհարկե, թույլերի հետ մրցելը միշտ ավելի վտանգավոր է, քան ուժեղների հետ: Այդ խնդիրը կա, եւ դա ես համարում եմ կայուն քաղաքական դաշտի մի նոր սկիզբ: Չեմ կարծում, որ կորստաբեր ընտրություններ կունենանք»:

 

Ի դեպ, Գալուստ Սահակյանի համար ամենեւին էլ ծիծաղելի չէ, որ Սերժ Սարգսյանի դեմ մրցելու է էպոսագետը: