կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 13:08
Քաղաքական

Գնահատում եմ Ծառուկյանի վճռականությունը. Գալուստ Սահակյան

Գնահատում եմ Ծառուկյանի վճռականությունը. Գալուստ Սահակյան

Նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմանը ՀՀԿ-ում հարգանքով են վերաբերվում. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

Պարզվում է` ՀՀԿ-ում ամենեւին էլ սրտնեղած չեն, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին չի սատարելու: Ինչպես նկատեց Գալուստ Սահակյանը` «քաղաքականության մեջ սրտնեղումներ չկան»:

 

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ռազմավարությամբ է մասնակցում ընտրություններին եւ ներկայանում ժողովրդին: Գնահատելի եմ համարում Ծառուկյանի որոշումը, որում վճռականություն կար: ԲՀԿ-ն քննարկումների, խորհրդակցությունների բավականին լայն փուլ անցավ եւ վերահաստատեց, որ այլընտրանքային կուսակցություն է: Բազմաթիվ օրեր, ամիսներ քննարկեցին, տրամաբանեցին, մշակեցին ռազմավարության այդ տեսակը»,- մեզ հետ զրույցում նշեց Գալուստ Սահակյանը:

 

Դիտարկմանը, թե վճռականությո՞ւն էր, երբ երկրի երկրորդ քաղաքական ուժն անգամ որեւէ թեկնածուի չի սատարելու, Սահակյանն արձագանքեց. «Վճռականությունն այն է, որ քաղաքական երկրորդ ուժը կարողացավ իր ռազմավարությունն այդպես գտնել: Իհարկե, ինչպես էլ գտներ, նորից վճռականության հետեւանք կլիներ»:

 

Ուշագրավ է, որ եթե ժամանակին ՀՀԿ-ականները չէին հասկանում, թե որն է ԲՀԿ-ի այլընտրանքայնությունը, մեր զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանը շարունակ շեշտում էր ԲՀԿ-ի` այլընտրանք լինելու մասին: Ավելին, ըստ նրա, հասարակության, նաեւ լրագրողների համար ժամանակ է պետք` հասնակալու, թե ինչ ասել է այլընտրանքային ուժ:

 

«Այլընտրանքային ուժը ո'չ ընդդիմություն է, ո'չ էլ իշխանություն»,- ամենայն լրջությամբ բացատրեց Սահակյանը:

 

Նա համամիտ չէ այն վերլուծաբանների հետ, ովքեր կարծում են, որ հիմա ԲՀԿ-ի առջեւ դեմք պահելու խնդիրն է դրված: «Դեմք ունենալ-չունենալը կապված է կուսակցության հետագա քաղաքական գործունեությունից: Համոզված եմ, որ ԲՀԿ-ն իր քաղաքական կշիռը կպահի նաեւ հետագայում»,- ընդգծեց նա:

 

Իսկ թե կլինի՞ կոալիցիոն հուշագիր նախագահական ընտրություններից հետո, Սահակյանը չգիտեր: 

 

Ի դեպ, երբ Գալուստ Սահակյանից փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է` ԲՀԿ-ի վրա ճնշումներ են գործադրվել, կամ նման որոշման Ծառուկյանը հանգել է իշխանությունների հետ ունեցած ինչ-որ պայմանավորվածության շրջանակներից ելնելով, Սահակյանը փոքր-ինչ բարկացավ եւ հիշեցրեց իր բարձր պաշտոնի մասին. «Լավ էլի...Դուք խոսում եք ՀՀԿ նախագահի տեղակալի հետ, ոչ թե մի պատգամավորի կամ քաղաքական գործչի հետ, որը պարզապես իր տեսակետն է ասում, ինչը, որ ես ասացի, ընդունեք հիմք»: