Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր մամուլի ասուլիս ունեցավ Հայաստանում: Մեր բռնցքամարտիկը սկզբում խոսեց իր վերջին մենամարտի մասին:
- Այս տարի 2 մենամարտ եմ անցկացրել: Երկամյա ընդմիջումից հետո վերադարձրեցի չեմպիոնական գոտին, որն ինձ համար կյանքի նպատակ էր դարձել: Երբ գոտին խլում են ինձանից, հանգիստ քնել չեմ կարողանում (ծիծաղում է): Սեկլյոչայի հետ մենամարտը շատ դժվար էր: Նրան հաղթեցի հայկական դպրոցում ստացած խորամանկության և հատուկ մարտավարության շնորհիվ:
-Մինչ մենամարտը ունեիք աջ ձեռքի վնասվածք: Դժվա՞ր էր մենամարտել այդպես, և գիտե՞ր դրա մասին հակառակորդը:
-Իհարկե, հակառակորդը չգիտեր, քանի որ տեղյակ լինելու դեպքում կաշխատեր այդ ուղղությամբ, և ինձ համար շատ դժվար կլիներ: Մինչև մենամարտը ես մարզումներն անցկացնում էի միայն ձախ ձեռքով:
-Քանի՞ մենամարտ է սպասվում այս տարի:
-Հավանաբար, 2 մենամարտ կանցկացնեմ այս տարի: Մեկը հաստատ է` օգոստոսին, իսկ 2-րդը հնարավոր է` դեկտեմբերին:
-Ինչպե՞ս պատահեց, որ վերջին մենամարտում Ձեզ ռինգ ուղեկցեց Vitamin-ի Գարիկը:
-Ես սիրում եմ, երբ հայերը համախմբված են լինում: Vitamin-ի տղաներին բոլորն էլ սիրում են, այդ թվում` ես: Տեղեկացա, որ նրանք պետք է ներկա լինեն իմ մենամարտին և որոշեցի, որ Գարիկը չեմպիոնական գոտիով ուղեցկի ինձ ռինգ:
-Ինչքա՞ն ժամանակ Ձեզ կտեսնենք մեծ սպորտում: Վերջին մենամարտից առաջ խոսվում էր կարիերան ավարտելու մասին:
-Դեռևս 2 տարի ես կլինեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում, քանի որ ցանկանում եմ մի քիչ էլ իմ կյանքից ինչ-որ բան հասկանալ: Մարզիկի կյանքը շատ դժվար է` ամեն օր մարզումներ, ռեժիմով սնվել և այլն: Երիտասարդ տարիներն անցնում են, բայց կյանքից ոչինչ չես հասկանում:
- Հայաստանում բռնցքամարտը զարգացնելու համար ծրագրեր ունե՞ք:
-Այդպիսի ծրագրեր չունեմ, քանի որ շատ քիչ եմ լինում Հայաստանում, սակայն փորձում եմ ցանկացած հարցով օգնել:
-Ինչո՞վ եք զբաղվելու կարիերան ավարտելուց հետո: Հնարավո՞ր է մարզչական աշխատանքի անցնեք:
-Մարզչական աշխատանքի հաստատ չեմ անցնի, քանի որ շատ դժվար է: Եթե օրվա ընթացքում մարզիկն աշխատում է 10 ժամ, ապա մարզիչն աշխատում է 16 ժամ: Ես իմ ապագայի համար արդեն ստեղծել եմ ամեն ինչ:
-Երբևէ ներկա եղե՞լ եք Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղերին: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հենրիխ Մխիթարյանի հետ:
-Հենրիխի հետ լավ հարաբերությունների մեջ ենք: Սակայն խաղերի ժամանակ չենք կարողանում հանդիպել, քանի որ չի ստացվում: Ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է, որ նա ներկա գտնվի իմ մենամարտերին: Ինքս ֆուտբոլ շատ եմ սիրում և երկրպագում եմ «Բորուսիա»-ին:
-Հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայում: Հետաքրքրվո՞ւմ եք հայկական ֆուտբոլով և ներկա լինելո՞ւ եք խաղին:
-Հայկական ֆուտբոլին միշտ եմ հետևում, սակայն միայն հավաքականի խաղերին: Եթե լինեմ Գերմանիայում, ապա անպայման ներկա կգտնվեմ խաղին:
-Հնարավո՞ր է, որ կարիերան ավարտելուց հետո տեղափոխվեք Հայաստան` մշտական բնակության:
-Ես սիրում եմ Հայաստանը: Սիրում եմ քայլել Երևանի փողոցներով և զբոսնել, սակայն չեմ կարող մշտական բնակվել այստեղ, քանի որ իմ բոլոր ծրագրերը կապված են Գերմանիայի հետ: Այսքան հեռավորությունից չեմ կարող տնօրինել այդ ամենը: