Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր,2013 և 2015 թթ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանն օրեր առաջ 4–րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում տեղի ունեցած PUNCH boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Արամը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին և տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը: ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում Արամ Ավագյանը խոսել է վերջին մենամարտի, սիրողական բռնցքամարտը թողնելու, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին.
«Հակառակորդս բավականին փորձառու մարզիկ էր: Պրոֆեիսոնալ բռնցքամարտում 50-ից ավելի մենամարտեր էր անցկացրել: Տիրապետում էր մի շարք անթույլատրելի հնարքների, ինչը փորձի հաշվին կարողանում էր կիրառել ռինգի մրցավարի աչքից հեռու: Նախապես ուսումնասիրել էի նրան և գտել էի թույլ կողմերը, ինչի արդյունքում 4-րդ ռաունդում դադարեցվեց մենամարտը:
Առաջիկա պլանների մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քննարկման փուլում է: «Punch boxing promotion»-ի հիմնադիր Արամ Դավթյանի ու ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի հետ դեռ քննարկում ենք առաջիկա մենամարտի հետ կապված հարցերը»:
Խոսելով սիրողական բռնցքամարտից հեռանալու մասին, մեր մարզիկն ասաց. «Ինչպես յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ, այդպես էլ ես սիրողական բռնցքամարտը թողնելու որոշումը կայացրել եմ Օլիմպիական խաղերից հետո: Դա ամենահարմար պահն է: Որպես այդպիսին պրոֆեսիոնալ բռնցքամարտում դժվարություն չկա, ավելի շատ հոգեբանական խնդիր էր: Պետք է հոգեպես պատրաստ լինես: Այստեղ ավելի շատ պետք է համբերատար և սառնասիրտ լինել, քանի որ ռաունդերի քանակը շատ է և պետք է ճիշտ կառուցես մենամարտը:
Հարցին, թե ինչպես է մոտիվացվում մենամարտերին, Արամ Ավագյանը պատասխանեց. «Հիմնականում լսում եմ հայրենասիրական երաժշտություն և այդ կերպ ոգևորում ինձ ու նախապատրաստվում մենամարտին: Հիշում են անցած ճանապարհս և մտածում, որ գործը պետք է հասցնեմ հաղթական ավարտին»: