կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 14:40
Սպորտ

Հրաչյա Ռոստոմյանը խոսել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցավարության մասին

Հրաչյա Ռոստոմյանը խոսել  է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցավարության մասին

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Վանաձորում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հանձնախումբը ներկա է եղել առաջնությանը:

 

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյան Ռոստոմյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջնությանը՝ հատուկ առանձնացնելով մրցավարությունը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

«Անցնող հանգստյան օրերին Վանաձորում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի իմ գլխավորած հանձնախումբը: Առաջնության կայացման առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին` թե մարզիկներին, թե մարզիչներին և թե մարզաձևի երկրպագուներին: 

 

Հատկապես ցանկանում եմ առանձնացնել 66կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանի մրցամարտերը, ով առանց միավոր զիջելու որևէ մրցակցի, արդարացիորեն գրավեց առաջին տեղը` դառնալով Հայաստանի չեմպիոն: Դիտելով նրա գոտեմարտերը կարող եմ ասել, որ իմ գնահատմամբ, Միհրան Հարությունյանը լուրջ հայտ կարող է ներկայացնել օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների համար:

 

Այս մրցաշարի հայտնություն եմ համարում 60կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանին: Նա լինելով երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեկ անգամ ևս հաստատեց իր մարզական բարձր կարողությունները և մրցակցային որակները: Այս առումով, ցանկանում եմ նաև իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել նրա մարզիչ Սամվել Գևորգյանին: Իսկ մրցաշարի ամենադիտարժան մրցամարտն իհարկե 74կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Ռաֆայել Մանուկյանի եզրափակիչ մրցամարտն էր, որտեղ տղաները ցուցադրեցին փայլուն և գեղեցիկ գոտեմարտ:

 

Հայաստանի առաջնությունն ապացուցեց, որ այս մարզաձևում մենք արժանի փոխարինողներ ունենք և նրանք Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանի և իրենց անձնական մարզիչների գլխավորությումբ կարողացել են հասնել լուրջ մարզական հաջողությունների: Եթե առաջնության ընթաքցում իրենց լավագույնս դրսևորած նշածս մարզիկներին ավելացնենք նաև այս մրցաշարին չմասնակցած Ռոման Ամոյանին, Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին, ապա վստահաբար կարելի է ասել, որ հայկական ընբշամարտը բարձր մարզական պոտենցիալ ունի և պատրաստ է լուրջ հայտ ներկայացնել առաջիկա կարևորագույն միցաշարերում: Վստահ եմ, մեր ըմբիշները ապագայում ևս փորձառու և հմուտ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեկ անգամ չէ, որ մեզ մարզական անսահման բերկրանք են պատճառելու:


Հ. Գ. Ցավով ստիպված եմ նշել նաև մրցաշարի, և հատկապես 60կգ քաշայինների մրցամարտի, խայտառակ մրցավարության մասին: Միաժամանակ հուսով եմ, որ ֆեդերացիան համապատասխան հետևություն կանի և ապագայում Հայաստանի առաջնությունների ընթացքում կբացառվեն նմանատիպ թերացումները»,- գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Վանաձորում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի առաջնության հաղթող են դարձել Ռոբերտ Կիրակոսյանը  (55 կգ, Երեւան), Կարեն Ասլանյանը (60 կգ, Երեւան), Միհրան Հարությունյանը (66 կգ, Երեւան), Կարապետ Չալյանը (74 կգ, Գյումրի), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Մովսես Ադամյանը (96 կգ, Էջմիածին) եւ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երեւան):