կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 13:42
Քաղաքական

Իմ մասին էլ էին ասում, թե իբր նախկին մարզպետի մարդն եմ. Գորիսի քաղաքապետի թեկնածու

Իմ մասին էլ էին ասում, թե իբր նախկին մարզպետի մարդն եմ. Գորիսի քաղաքապետի թեկնածու

Հունիսի 8-ին Գորիսում անցկացվելիք` համայնքի ղեկավարի  ընտրություններում առաջադրված թեկնածու Հրայր Յոլյանի թեկնածությունը առաջադրել են երիտասարդությունն ու նրա գործընկերները: Այդ մասին այսօր Yerkir.am-ին ասաց թեկնածուն:

 

Յոլյանը, ով նաեւ Գորիսի ավագանու անդամ է, մեզ հետ զրույցում նշեց,  որ տեսնում է բազմաթիվ խնդիրներ, որոնց ավելի լավ ու հետաքրքիր լուծումներ պետք է տրվեն: «Միտումները մեզ չեն բավականացնում, ավելի հետաքրքիր լուծումներ ենք ուզում տալ, դրա համար էլ առաջադրվել եմ, որ այդ լուծումները տամ»,- ասաց նա:

 

Երիտասարդ թեկնածուն նշում է, որ թեեւ մինչեւ ընտրությունների ավարտը, երբ պարզ կլինեն արդյունքները, ոչ մի կոնկրետ բան չի կարելի հստակ ասել, բայց նաեւ հույս ունի, որ հաջողություն կունենա: Նրան չեն անհանգստացնում անգամ խոսակցությունները, թե թեկնածուներից մեկին նախկին մարզպետն է  պաշտպանում, մյուսին' ներկա մարզպետը եւ այլն: «Ինչո՞ւ պետք է անհանգստացնի: Ինձ հետ էլ երիտասարդությունն է: Ընտրությունները թեժ կլինեն: Իհարկե, չեմ կարծում թե արյունահեղություն կլինի եւ այլն, ուղղակի թեժ կլինի: Դա պայմանավորված է նրանով, որ բոլոր թեւերն էլ ուժեղ են: Չեմ կարծում, թե այդ թեժության հետ թեկնածուների հովանավորները կապ ունեն»,- ասաց Յոլյանը:

 

Նա մեզ հավաստիացրեց, որ ընտրապայքարը չի պատրաստվում դադարեցնել դրա  որեւէ փուլում, հնարավոր չի համարում հետագայում թեկնածուներից որեւէ մեկի օգտին ինքնաբացարկի դիմում ներկայացնելը կամ որեւէ թեկնածուին միանալը եւ հաստատակամ է մինչեւ վերջ գնալու հարցում: Վստահեցրեց նաեւ, թե որեւէ հովանավոր չունի:

 

Չնայած Գորիսում շրջանառվող լուրերին, որ Հրայր Յոլյանը նույնպես առաջադրվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «հորդորով», թեկնածուն Yerkir.am-ին ասաց, որ այդպիսի խոսակցություններ ինքն էլ է լսել ու դա պայմանավորում է երեւույթով, որ ընտրությունների ժամանակ մարդիկ փորձում են տարբեր մարդկանց, տարբեր երեւույթներ իրար հետ կապել: «Ինչքան` մարդ, այնքան` մտածելակերպ, ամեն մեկը մի բան է մտածում կամ հորինում ու ասում է»:

 

Երբ հարցրեցինք' ոչ մի կապ չունի՞ նախկին մարզպետի հետ, Հրայր Յոլյանը միանգամից արձագանեց. «Չէ, չէ, չէ: Ես իմ երիտասարդության թեկնածուն եմ»:

 

Հարցրեցինք նաեւ, թե ինչպե՞ս է այդ դեպքում' հովանավոր չունենալով,  պատրաստվում ելնել ընտրապայքարի' թեկնածուների հզոր հովանավորների առկայության պայմաններում: Յոլյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, թե մենք հզոր չենք' մենք էլ մեր չափով ենք հզոր: Ուղղակի փորձում ենք: Իմ ժողովրդով ու իմ երիտասարդությունով եմ հզոր»:

 

Քաղաքապետի թեկնածուն նշեց, թե ինքն ու իր թիմն ընտրապայքարին մասնակցելու է արժանապատվորեն, մաքուր, չխաբելով, հույս ունի, որ մյուսներն էլ նույն կերպ կմասնակցեն ընտրապայքարին, եւ մաքուր ընտրություներ կլինեն:

 

«Բացառված չեն նման բաները, բայց չեմ կարծում, թե այդպիսի դրսեւորումներ լինեն, որովհետեւ 4 թեւ ենք լինելու, ամեն մեկն էլ  իր գործն է անելու»,- ասաց Յոլյանը:

 

Վերջում նա ընտրություններում հաղթելու իր շանսերը բարձր գնահատեց' նշելով, որ ցանկացած թեկնածու էլ համոզված է, որ ինքն ուժեղ է, հակառտակ դեպքում` չէր առաջադրվի: «Ուղղակի փորձում մենք»,- եզրափակեց Հրայր Յոլյանը: