Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա այն հարցը չէ, որ ՀՀ նախագահը պետք է զբաղվի, մինչ նախագահը` մի շարք օղակներ կան, որ կարող են զբաղվել «Լեռնային պար» քանդակի վերականգնման հարցով. լրագրողների հետ զրույցում նշեց նկարիչ, քանդակագործ, «Լեռնային պար» քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչ օրս բոլորը միայն խոստանում են, որ քանդակի վերականգնման հարցով կզբաղվեն, սակայն հարցը մնում է չլուծված:
«Ավելին` հիմա «Դվին» հյուրանոցի շինարարներն արդեն որքան ժամանակ է` էլ չեն աշխատում, և դարպասը բաց է, անտերության է մատնված տարածքը: Նախագահը հրաման է իջեցրել, որ քանդակը պետք է վերականգնվի, իսկ քաղաքապետը հավատում է հյուրանոցի սեփականատիրոջը, որ նա ինչ-որ բան կանի: «Դվինի» սեփականատերը, սակայն, նշում է, որ քանդակն իր տարածքում է, բայց ոչ` իր սեփականությունը, և ոչինչ էլ չի անում: Անցած տարի երկու անգամ հանդիպել եմ քաղաքապետին, երկու անգամ` մշակույթի փոխնախարարին, բոլորն էլ վրդովմունքով ասում են` կպարտադրենք սեփականատիրոջը, կվերականգնի այն, բայց փաստը մնում է փաստ, որ ոչինչ չի արվում»,- ասաց քանդակագործը:
Նա մտահոգվում է`նորը չեն ստեղծում, հինն էլ չեն պահպանում, վերջն ի՞նչ է լինելու:
Ճարտարապետ, «Դվին» հյուրանոցի համար պետական մրցանակի արժանացած Աշոտ Ալեքսանյանն էլ նշեց, որ զարմանալի և տարօրինակ է այն փաստը, որ «Դվին» հյուրանոցի հեղինակներից երկուսը` Սաֆարյան Էդուարդն ու ինքը, ողջ են, բայց հյուրանոցի վերականգնման աշխատանքներում իրենց չեն ներգրավել:
«Ես գումար չեմ ուզում, ես բարոյական հարց եմ բարձրացնում, չէ՞ որ հեղինակն է ամենասրտացավ մարդը, և նրանից լավ ոչ ոք չի վերականգնի այն: Անբարոյական գործարք է կատարվում»,- ասաց Ալեքսանյանը:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ հարցը գլոբալ է, և սա արտացոլում է այն, ինչ կատարվում է մշակույթի ոլորտում` առհասարակ. «Այսօր ես չեմ տեսնում հին Երևանը, ասում են` Երևանը հին քաղաք է, լավ, իսկ ո՞ւր են հին քաղաքիս հնությունները, պատմամշակութային արժեքներն ու շինությունները: «Լեռնային պարը» պետք է աչքի լույսի պես պահենք: Եթե այսօր սա ենք քանդում, վաղը ոչինչ չենք ունենալու»:
Բանաստեղծ, բ.գ.դ., ԵՊՀ պրոֆեսոր Հենրիկ Էդոյանի կարծիքով` այլ բնութագիր հնարավոր չէ տալ քանդակի հանդեպ վերաբերմունքին, քան` վանդալիզմ: Նրա հավաստմամբ` այն, ինչ կապված չէ ֆինանսի հետ, ինչից շահ չկա, ավերվում է, կուլ է գնում: «Նման վերաբերմունքով` ինչ ունենք, հարցականի տակ է դրվում: Ի վերջո, սա միայն քանդակ չէ, սա կենսագրություն է, պատմություն: Ասում էին` ժամանակակից քաղաքը դարձել է ոչ ժամանակակից: Քանդակն ուղղակի անտեսված է, դա նույնն է, ինչ իմ գրած գրքերից մեկն ուղղակի վերացնեն: Խնդրելով պահանջում եմ` անել ամեն ինչ քանդակը վերականգնելու համար»,- ասաց նա: