Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի վերջին Աստանայում կայացած` Եվրասիական տնտեսական խորհրդի` բարձր մակարդակով նիստից և դրա ընթացքում առանց ԼՂ-ի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արած հայտնի հայտարարություններից հետո yerkir.am-ը գրավոր դիմեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը ստորագրող Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահների աշխատակազմերին:
Մեր նպատակն էր կոնկրետ պարզաբանում ստանալ, թե արդյո՞ք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ինչպես նաև Նազարբաևի անակնկալ հայտարարությունը ենթադրում է մաքսակետերի տեղակայում Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանին, և ի՞նչ դիրքորոշում ունեն այս կապակցությամբ նախագահները:
Հարցադրման կապակցությամբ Մինսկից և Աստանայից որևէ պատասխան դեռևս չի տրամադրվել: Հաշվի առնելով Նազարբաևի ապարատի հետ հաղորդակցության նախկին փորձը` նրանից լուրջ սպասելիքներ չէին կարող լինել, Լուկաշենկոյի դեպքում դեռ ակնկալիքներ կան:
Սակայն Մոսկվայի պարագայում չափազանց հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, որն ինքնին լուրջ վերլուծության հիմքեր է տալիս: Երբ փորձեցինք պարզել` հարցադրմանը պատասխան լինելու է, թե` ոչ, Վլադիմիր Պուտինի աշխատակազմից մեզ հայտնեցին, որ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծանոթացել է նամակի բովանդակությանը, սակայն դժվարացան ասել` պատասխան լինելո՞ւ է ընդհանրապես, թե՞ ոչ: Աշխատակազմի ներկայացուցիչը, սակայն, խնդրեց արձանագրել, որ դրանից որևէ կերպ չի բխում, թե Կրեմլը հակված չէ պատասխանելու խմբագրության գրավոր հարցադրմանը: Պուտինի աշխատակազմի նման արձագանքը չի կարելի պայմանավորել խմբագրության նկատմամբ հնարավոր անտարբեր կամ անլուրջ վերաբերմունքով, քանի որ մեր նախկին` Ռուսաստանի համար համեմատաբար ավելի ոչ էական հարցադրումներին, ինչպես, օրինակ, Զորի Բալայանի հայտնի նամակի պարագայում, Կրեմլից արձագանքել են և առկա են նորմալ աշխատանքային հարաբերություններ:
Հետևաբար, սա ակնհայտորեն այն դեպքն է, երբ պատասխան չտալը կարելի է համարել տվյալ պահին ամենահարմար պատասխանը: Այլ կերպ ասած` Կրեմլը պարզապես այս պահին տվյալ հարցին պատասխան չունի կամ չի ուզում դրան անդրադառնալ, ինչը թույլ է տալիս կատարել երկու հնարավոր հետևություն:
Առաջին` Մոսկվան պարզապես ձև է անում, թե այս հարցն իրեն բացարձակապես չի հետաքրքրում: Սա խիստ համահունչ է հենց Աստանայի գագաթաժողովում Նազարբաևի կողմից Ալիևի հայտնի նամակի վկայակոչման և ընթերցման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահվածքին:
Նա Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ միասին ստացել էր Ալիևի նամակը, ծանոթ էր դրա բովանդակությունը, սակայն ո'չ այդ փաստին, ո'չ էլ Ղազախստանի նախագահի կոշտ, գրեթե նախապայմանի ոճով արած դիտարկմանը որևէ կերպ չարձագանքեց: Չնայած դրանից հետո ոչ պաշտոնական մակարդակով Մոսկվայից անընդհատ ուղերձներ են հղվում, թե մաքսակետեր դնելու բացառումն արդեն գործնականում լուծված է և Հայաստանի անդամակցության հարցում ո'չ Երևանի ու ո'չ էլ Ստեփանակերտի համար խնդիրներ չի հարուցում, սակայն պաշտոնական պարզաբանում այդ կապակցությամբ առ այսօր չի հնչել, ինչպես չի հնչել նույնիսկ Երևանի կողմից:
Երկրորդ` լռությամբ խոսելու այս մոտեցմամբ Կրեմլը կամա, թե ակամա ցույց է տալիս, որ դեռևս չի համարում, թե եկել է այդ մասին խոսելու պահը, այսինքն` ժամանակ է ձգում և սպասողական վիճակի մեջ է: Չի բացառվում, որ Մինսկի լռությունը ևս բացատրվում է Կրեմլի այս սպասողականությամբ, ինչը նշանակում է, որ խնդիրը չափազանց նուրբ է` ժամանակից առաջ անցնելու համար: Հետևաբար, հարց է առաջանում` թե ինչի է սպասում Ռուսաստանը և արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանից ակնկալվող ինչ-որ գործողություններով կամ դիրքորոշմամբ, թե՞ բոլորովին այլ խնդիրներով:
Ինչպես հայտնի է Աստանայում որոշվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի վերջնական որոշումը հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Դա այն դեպքում, երբ, չթաքցնելով իր շտապողականությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկում էր վերջնաժամկետ սահմանել մինչև հունիսի 15-ը: Ընդ որում` Նազարբաևի հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ դա ուղղակիորեն վերաբերում է ԵՏՄ-ի շրջանակում Հայաստանի սահմանների, նույնն է, թե ԵՏՄ-ի կամ Մաքսային միության սահմանների ճշգրտմանը: Եվ որևէ կասկած չի կարող լինել, որ այդ մեկ ամիս ժամանակահատվածը սահմանվել է հենց ԼՂՀ-ի հետ սահմանային հարցերում կոնկրետություն մտցնելու համար, ինչը ենթադրում է լրացուցիչ ու թերևս սկզբունքային բանակցություններ:
Ողջ հարցն այն է` ո՞ւմ հետ են ԵՏՄ հիմնադիր անդամները որոշելու այդ հարցը, և ինչ է կախված լինելու այդ հարաբերություններում Երևանից: Աստանայի գագաթաժողովից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե Մոսկվան Ադրբեջանին հրավիրում է ՄՄ և ԵՏՄ` վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի` օրերս արած հետևյալ հայտարարությանը. «Ինտեգրման բոլոր ձևերը բաց են: Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը Ադրբեջանի ինտեգրումը կոնկրետ քննարկման առարկա է, ինչպես և ինտեգրման մյուս ձևերը: Գոյություն չունի որևէ արգելք: Կարծում եմ, որ այդ համաձայնագրերին Ադրբեջանի մասնակցությունը կլիներ տրամաբանական»:
Որևէ կասկած չկա, որ Ռուսաստանը տվյալ պահին ինտենսիվ աշխատում է Ադրբեջանին ևս եվրասիաինտեգրացիոն նախագծերի և, մասնավորապես, ԵՏՄ ներքաշելու ուղղությամբ: Ինչպես հայտնի դարձավ այսօր, հունիսին Բաքու է մեկնելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որին հաջորդելու է նաև ՌԴ փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինի այցը Ադրբեջան: Այսօր Մոսկվայում ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովին և հայտարարել, թե Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդմամբ և ընդլայնմամբ: Ըստ ամենայնի` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը մեկ ամիս հետաձգելու ողջ նպատակը Ադրբեջանի հետ բանակցությունների համար ժամանակ շահելն է, որի արդյունքում էլ կորոշվի ԼՂՀ-ի հետ սահմանագծին մաքսակետերի տեղադրման հեռանկարի հարցը, ինչը հաստատում է, որ թե' ԼՂՀ-ն և թե' Հայաստանը հայտնվում են ռուս-ադրբեջանական ծուղակում:
Այս պրոցեսը չի խոստանում Ադրբեջանի պարտադիր անդամակցություն ԵՏՄ-ին: Բաքուն մինչև վերջ, բոլոր հնարավոր միջոցներով փորձելու է հասնել նրան, որ այդ մաքսակետերը դրվեն` շրջանցելով ԵՏՄ-ին իր անդամակցության հեռանկարը: Բայց Բաքուն օգտագործելու է Ռոսաստանի ձգտումները` նրանից ԼՂ հարցում զիջումներ կորզելու նպատակով: Այս միտումների համատեքստում առնվազն տարօրինակ է թվում պաշտոնական Երևանի լռությունը: Վերջինս ակնհայտորեն աչք է փակում իր քթի տակ իր պետական ու ազգային շահերի վրա առևտուր անելու, իր շահերն ուղղակիորեն շոշափող հարցերն առանց իրեն քննարկելու ակնհայտ փաստի նկատմամբ` վտանգավոր այս զարգացումները կասեցնելուն ուղղված որևէ քայլ չկատարելով:
Գևորգ Դարբինյան