կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 12:57
Քաղաքական

ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, պաշտպանության հարցում. Վահե Գևորգյան

ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, պաշտպանության հարցում. Վահե Գևորգյան

Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նախորդ տարի աշնանը Արցախի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներով պայմանավորված՝ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության հաստատումը և ապաշրջափակումը: «Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, այն է՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների և տարրերի վրա, ինչը ենթադրում է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը»,- ասաց Գևորգյանը:

 

Նա այս փուլում առաջնային նշանակության հարց համարեց Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, ինչպես նաև առաջնային հումանիտար խնդիրների լուծումը, ներառյալ՝ գերիների և բոլոր պահվող անձանց հայրենադարձությունը, անհայտ կորածների և բռնի անհետացումների զոհ գնացած անձանց ճակատագրի պարզումը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը:

«Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Գևորգյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: