կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 17:53
Հասարակություն

Միկոյանի արձանի վերաբերյալ ավագանին որոշումը չի վերանայի, նախագիծն ուղարկվել է կառավարություն

Միկոյանի արձանի վերաբերյալ ավագանին որոշումը չի վերանայի, նախագիծն ուղարկվել է կառավարություն

Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել է ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման հարցը: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ավագանին ձայների մեծամասնությամբ կողմ է  քվեարկել քաղաքապետարանի կողմից ներկայացված այդ նախագծին:

 

Նիստից հետո Հայկ Դեմոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը սկզբունքային մարդ է և շարունակում է մնալ իր կարծիքին` դեմ լինել Միկոյանի արձանի տեղադրմանը: Նա նշեց նաև, որ նիստի ժամանակ արդեն իսկ ընդունված որոշումը վերանայելու հարց չի եղել, իսկ Yerkir.am-ի հարցին, թե քննարկման ժամանակ ինչ տրամադրություններ կային, պատասխանեց. «Մարտական-բարեկամական»:

 

Այնուհետև հանձնաժողովի ղեկավար, ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը մանրամասնեց, որ նիստի ժամանակ որևէ որոշում ընդունելու խնդիր դրված չի եղել. այս հարցի վերաբերյալ ավագանին իր որոշում-համաձայնությունը տվել է, և նախագիծն ուղարկվել է կառավարություն: Եվ վերջնական խոսքը հենց կառավարությանն է լինելու: Թ. Պողոսյանի խոսքով` նիստում որոշվել է հետևյալը. «Եկանք այն եզրակացության, որ կես ճանապարհին պետք չէ գնահատականներ տալ: Մեր հանձնաժողովի, ավագանու անդամի լիազորությունների մեջ չէ գնահատական տալ քաղաքական գործչի գործունեությանը, դա բացառապես պետական լիազոր մարմնի գործն է»:

 

Քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը շեշտեց, որ ավագանին այլևս անելիք չունի: Արդեն կառավարության որոշումից հետո իրենք կկարողանան որևէ դիրքորոշում հայտնել հարցի վերաբերյալ, սակայն այն, իհարկե, որևէ ազդեցություն չի ունենա:

 

Գ. Բաղդասարյանը նշեց նաև, որ Միկոյանի հուշարձանի հետ կապված այս պատմությունը սկսվել է դեռևս 2004 թվականին` քննարկվել է նրա անունով փողոց անվանակոչելու հարցը: Եվ 2008 թվականին Եղվարդի խղճուղին անվանակոչվել է Ա. Միկոյանի անունով, և այդ ժամանակ որևէ աղմուկ չի եղել:

 

Ի դեպ, նրա խոսքով, Դեմոյանը այսօրվա նիստի ժամանակ չի ներկայացրել Ա.Միկոյանի կողմից հայերին գնդակահարելու մասին փաստաթղթեր: Եվ դրանց մասին իրենք տեղյակ էլ չեն եղել մինչ այս պահը:

 

Գ. Բաղդասարյանը նշեց նաև, որ ապատեղեկատվություն է սոցցանցերում տարածված լուրը, թե Միկոյանի արձանի տեղադրման առաջարկությունը քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից է եղել: Առաջարկությունը եղել է Միկոյանի հարազատների և Մոսկվայի հայկական համայնքի կողմից: Ի դեպ, առաջարկությունը ստորագրողներից է նաև անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը: