կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 11:49
Քաղաքական

«Ավիացիայի մասին» օրենքի նախագիծն ուղարկվել է երեք խումբ փորձագետների քննությանը

«Ավիացիայի մասին» օրենքի նախագիծն ուղարկվել է երեք խումբ փորձագետների քննությանը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը:

 

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ օրենքի փոփոխությունը բխում է դեռևս 2013-ին կառավարության կողմից որդեգրված` բաց երկնքի քաղաքականությունից։

 

«Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում կառավարման համակարգի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման և հավաստագրման գործընթացի թափանցիկության ապահովմանը, միջազգային չափանիշների համապատասխանեցմանը՝ ոլորտում ձևավորվող իրավահարաբերությունների հստակ կանոնակարգմամբ»,-ընդգծեց փոխնախարարը:

 

Ըստ նրա` արդիականացվելու է նաև առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագրման գործընթացը, մասնավորապես՝ տարանջատվելու են օրենքով սահմանված թույլտվություններ և հավաստագիր հատկացնող պետական կառավարման մարմինները։

 

Փոխնախարարը հայտնեց, որ օրենքի նախագիծն ուղարկվել է երեք խումբ` իրարից անկախ փորձագետների քննությանը՝ Համաշխարհային բանկին, USAID-ին, Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատարին։ «Հայաստան էր ժամանել փաստահավաք առաքելություն, որի հետ քննարկվել է օրենքի նախագիծը»,- ասաց Ավետիսյանը: