կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-06 15:55
Առանց Կատեգորիա

Երբ նժդեհականությունը նույնանում է... բոլշևիզմի հետ

Երբ նժդեհականությունը նույնանում է... բոլշևիզմի հետ

Երևանի ավագանին որոշել է ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, խորհրդային պետական խոշոր գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել մայրաքաղաքում: Ավագանու ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, որոնք հավանություն են տվել այս նախաձեռնությանը, որևէ կապակցված բացատրություն չտվեցին, թե ինչու է կարևոր հատկապես հիմա ու հատկապես Միկոյանի արձանի տեղադրումը: Առանձին համարձակներ, օրինակ` ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը, ով կողմ է քվեարկել այդ որոշմանը, համոզում է, թե Հայաստանը չի կարող չարժևորել իր «արժանավոր զավակին», ով եղել է փայլուն պետական գործիչ, դիվանագետ և կարիբյան ճգնաժամի հաղթահարման ճարտարապետն է:

 

Իգիթյանը, մեծ հաշվով, արտահայտում է այս հարցում քաղաքային իշխանության ընդհանրական մոտեցումը, ըստ որի` Միկոյանն արժանի է Երևանում արձան ունենալ, որովհետև նախ` Խորհրդային միությանը, պարտիային և պոլիտբյուրոյին, բոլշևիկյան-կոմունիստական իշխանությանը հսկայական ծառայություններ է մատուցել, երկրորդ` որովհետև, ինչքան չլինի, այդ մարդու ազգանունը վերջանում է «յան» ածանցով:

 

Եթե սրանք են հասարակության համար նոր, օրինակելի կերպարային արժեքներ կերտելու չափորոշիչները, ապա վրացիները կա'մ չափազանց տհաս են, կա'մ անուղղելի միամիտ: Հակառակ դեպքում` ոչ միայն նրանց յուրաքանչյուր քաղաքում, գյուղում պետք է տեղադրված լինեին Ստալինի արձանները, այլև բոլոր ժամանակների ամենանշանավոր պետական գործիչներից մեկը հանդիսացող և միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ խաղացած այս մարդ պետք է շարունակեր մնալ պաշտամունքի առարկա:

 

Արձան տեղադրելը զուտ արարողություն չէ, ոչ էլ ինչ-որ մեկին պարզապես հարգանքի տուրք մատուցելու դրսևորում: Այն նյութականացնում, կերպարանավորում է կոնկրետ հասարակարգում և կոնկրետ ժամանակահատվածում ձևավորված իդեալները, արժեքները, միֆերը, որոնց շուրջ հասարակությունը, բնականորեն կամ արհեստականորեն, համախմբվում է:

 

Եվ ահա ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական էլիտան հայաստանյան հասարակությանը փորձում է համոզել, որ Միկոյանը հայ ազգային, պետական գործչի իդեալներից է, որ շատ ավելի մեծ արժանիքներ ունի մայրաքաղաքում արձան ունենալու, քան տասնյակ այն հերոսները, որոնց անունները մոռացվում են նույնիսկ մերօրյա պատմության արդեն փոշոտվող, աղավաղվող էջերում:

 

Աբսուրդն այն է, որ այս գաղափարը պաշտպանում ու առաջ է մղում իրեն ազգային-պահպանողական հռչակած և ցեղակրոնության երդվյալ հետևորդը համարող կուսակցությունը` ՀՀԿ-ն, որի կողմից ազգային գործչի և հերոսի իդեալական կերպար ընկալվող Գարեգին Նժդեհը դարձել է այդ նույն միկոյանական-բոլշևիկյան ռեպրեսիաների զոհը: Գուցե այդ համակարգի կենդանի մարմնացումը համարվող գործչի` Միկոյանի արձանը Երևանում տեղադրելո՞վ է ՀՀԿ-ն որոշել «արժևորել» Նժդեհին: Բայց մինչ այդ կուսակցությունը, կամ առնվազն նրանք, ովքեր կողմ են արտահայտվել Միկոյանի արձանը Երևանում տեղադրելուն, պետք է պատասխանեին այն հարցին, թե ինչպե՞ս են այս երկու անհատներին պատկերացնում և դնում միևնույն հարթության վրա, կողք կողքի, ազգային, պետական գործչի միևնույն կերպարի շրջանակում: Այս իրողությունը ոչ միայն մատնում է իշխանական էլիտայի և, որ շատ ավելի սարսափելի է, մտավորականության մի ստված զանգվածի մոտ ազգային և պետական իդեալների, սիմվոլների համակարգում առկա ընկալումների ճգնաժամը, այլև արժևորման, գնահատման չափորոշիչների բացարձակ բացակայությունը:

 

Ո՞վ է եղել, առհասարակ, Անաստաս Միկոյանը հայության և Հայաստանի համար: Այս հարցի պատասխանը դեռևս չի տրվել ո'չ պատմական, ո'չ քաղաքական, ոչ' հասարակագիտական տեսանկյուններից: Վերաարժևորման այս խնդիրը լուծված չէ նույնիսկ Արցախյան ազատամարտի հերոսների պարագայում, որը դարձել է խոպան ինչ-որ տարածություն բոլոր տիպի պատեհապաշտների, դուրսպրծուկների համար, էլ ուր մնաց խորհրդային տարիների ամենահակասական կերպարների, գործիչների պարագայում: Ոմանց կարծիքով` Միկոյանը պարզապես ստալինյան բռնապետության հրեշներից մեկն էր, ոմանց կարծիքով` գործիչ, ով իր ժամանակի պայմանների ու իրողությունների համատեքստում փորձում էր նվազագույն անխուսափելի զոհերով փրկել առավելագույնը կամ կարևորը:

 

Փաստն այն է, Երևանի ավագանին նման որոշում է կայացնում Միկոյանի կերպարը վերաարժևորման այդ անհրաժեշտ ընթացակարգով չանցկացնելու կամ անցկացված չլինելու պարագայում ու պարզապես միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի կամ ոմանց խելքին բրդել է ռուսներին հաճոյանալու նպատակով Երևանում տեսնել Միկոյանի արձանը: Եվ այս առումով հերթական անգամ ամեն ինչ ավելի քան պարզունակ է, հասկանալի և խղճուկության աստիճանի կանխատեսելի: Հայկական իշխանական էլիտան պարզապես փորձում է ստեղծել նոր, այսպես կոչված` եվրասիաինտեգրված, իսկ ավելի ճիշտ` դրա ծխածածկույթի տակ թաքնված նեոբոլշևիկյան հայաստանցու կերպարը, որը չի կարող չանցնել բուն բոլշևիկյան արժեքների վերակենդանացման պրիզմայով: Եվ Միկոյանի կերպարն այս առումով ուղղակի նվեր է մերօրյա, այսպես կոչված, «նժդեհական նեոբոլշևիկների» համար:

 

Նոր տիպի խորհրդային միության տեսքով ռուսական կայսրության վերականգումը, որը ներկայիս ռուսական հասարակական-քաղաքական էլիտայի մոլեռանդության հասնող մտասևեռումն է, պահանջում է, որ այս գաղափարը ոչ թե այդ պոտենցիալ կայսրության պրովինցիաների հասարակություններ ներմուծվի արհեստականորեն, օտար ավերիչ բացիլի նման, որը միշտ հանդիպում է առողջ օրգանիզմի դիմադրողականությանը, այլ բնական ճանապարհով` սեփականը համարելու և դարձնելու: Իսկ դա հնարավոր է միայն հիվանդ, իմունիտետից զրկված հասարակության պարագայում: Եվ ահա խորհրդային աշխարհըմբռնումից ու գաղափարական կապանքներից չազատագրված այս տարրերը, ստրկամտության նոր տարածքներ նվաճելով, գործիքի դեր կատարելով, համառորեն թուլացնում են այդ օրգանիզմը: Ահա և ամբողջ պատմությունը:

 

Գևորգ Աղաբաբյան