կարևոր
4063 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-17 11:15
Քաղաքական

Երբ կողմերից մեկն ամեն ինչի հետ համաձայն է, միջնորդներն ուղղակի ասելիք չունեն․ Արթուր Խաչատրյան

Մայիսի 16-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացին որն ըստ Արթուր Խաչատրյանի ոչ այլ ինչ է, եթե ոչ շարունակական կապիտուլյացիա՝ անընդհատ զիջել, տեղի տալ, անձնատուր լինել, որպեսզի ավելի վատ չլինի: Խոսելով նախօրեին Տավուշում կատարված սահմազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքներով ստորագրված հայ-ադրբեջանական արձանագրության մասին՝ Արթուր Խաչատրյանը մասնավորապես ասել է. «Ցավում եմ, որ այդ խնդրին վերաբերող առաջին փաստաթուղթը, որ Փաշինյանը ստորագրեց, ակնհայտ պարտվողական փաստաթուղթ է: Բայց եթե նա Տավուշի հայկական երեք գյուղերը հանձնելու մասին արձանագրությունը հաղթանակ է համարում և ասում, որ սահմանը պետք է անցնի այնտեղով, որտեղով պետք է անցնի, ապա թող գնա և Ջերմուկում վերականգնի այդ սահմանը: Երեք տարի առաջ այս օրերին՝ մայիսի 11-ին, Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք՝ Շորժայում և Սև լճի մոտ: Այն ժամանակ Փաշինյանը խրոխտ հայտարարում էր, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մայիսի 10 դիրքերը: Վերադարձա՞վ: Ոչ: Եվ չի էլ վերադառնա: Ավելին՝ եթե Փաշինյանը շարունակի մնալ, Ադրբեջանը մի բան էլ դեռ առաջ է գալու»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երեկվա բոլոր միջնորդներն դրական են արտահայտվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մասին և ըստ էության ոգևորում կողմերին, Արթուր Խաչատրյանը նշեց, որ գերտերությունները մեծ հաշվով անելիք չունեն, երբ տեսնում են, որ բանակցող կողմերից մեկը, այս դեպքում Հայաստանը, պատրաստակամ է զիջումների հարցում և կատարում է մյուս կողմի բոլոր պահանջները:

Հաղորդման ընթացքում խոսվել է նաև Հայաստանում սկսված համաժողովրդական շարժման առաջ քաշած խնդիրների, իշխանափոխության ճանապարհով իրավիճակից դուրս գալու եզակի հնարավորության և այլ հարցերի մասին: «Հայաստանում դասական նախահեղափոխական իրադրություն է՝ վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում: Այն, որ Փաշինյանն ուր գնում՝ հետևից հազարավոր ոստիկաններ է տանում, հենց այս մասին է խոսում»,- նշել է Աչրթուր Խաչատրյանը: