կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 17:30
Առանց Կատեգորիա

Ստամբուլահայությունը զո՞հ է, թե՞ գործիք թուրքական շովինիզմի համար

Ստամբուլահայությունը զո՞հ է, թե՞ գործիք թուրքական շովինիզմի համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից ապրիլի 23-ին հղված` «1915թ. իրադարձությունների մասին» ցավակցական ուղերձը թե' Սփյուռքում և թե' Հայաստանում գնահատվեց որպես նոր փաթեթավորմամբ` Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության դրսևորում` 100-ամյա տարելիցին ընդառաջ: Անգամ ԱՄՆ-ը և Եվրամիությունը դրան արձագանքեցին զգուշությամբ, որովհետև բոլորին էր պարզ և' ուղերձի հղման նպատակն ու ենթատեքստը, և' փաստը, որ դա ընդամենը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի դեմ թուրքական իշխանության ծրագրած քաղաքականությունից բխող քարոզչական-դիվանագիտական ռևերանս էր:

 

Եվ չնայած այս պարզ իրողությանը` ուղերձը որոշ ստամբուլահայերի դրդել է հանդես գալ այդ ուղերձի համար Թուրքիայի վարչապետին Նոբելյան մրցանակի արժանացնելու մասին, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններով: Աշխարհում Հայոց ցեղասպանությունը ժխտող թերևս միակ հայը` ստամբուլաբնակ մեծահարուստ գործարար Բեդրոս Շիրինօղլուն, ով չի թաքցնում թուրքական քաղաքական, իշխանական էլիտայի հետ իր սերտ հարաբերությունները, իրեն իրավունք է վերապահել Ստամբուլի ողջ հայկական համայնքի անունից հայտարարելու, որ այդ ուղերձի համար շնորհակալ են Թուրքիայի վարչապետից, և որ այդ համարձակության համար նա արժանի է Նոբելյան մրցանակի: Գաղափարը զարգացրել է ստամբուլահայ մեկ այլ ներկայացուցիչ` Ջերրի Խրիմյանը, ով հայտարարել է, թե այդ ուղերձը լավ օրինակ կարող է ծառայել բոլորի համար, ու թեեւ դա այն չէ, ինչ իրականում սպասում է հայությունը, սակայն եթե Էրդողանի թեկնածությունն առաջադրվեր Նոբելյան մրցանակի, իրենք միայն կծափահարեին: Հայկական համայնքի մեկ այլ ներկայացուցիչ` լրագրող Մարգար Եսայանն էլ Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակին արժանի է համարել ոչ թե կոնկրետ այդ ուղերձի, այլ թուրք-քրդական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նրա ձեռնարկած քայլերի և արձանագրած հաջողությունների համար:

 

Հիշեցնենք նաև, որ Էրդողանի ուղերձից անմիջապես հետո թուրքական մամուլը, վկայակոչելով Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, գրել էր, թե Հայոց պատրիարքարանը Էրդողանի հայտարարությունը պատմական է համարում և «ամեն է ասում` ի պատասխան «հայերի հոգիները խաղաղությամբ հանգչելու» մասին ուղերձում նշվող խոսքերի:

 

Ներկայիս Թուրքիայի հայկական համայնքում Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման պրոցեսին և այդ հարցում Անկարայի նկատմամբ գործադրվող ճնշումներին վերապահումներով, ընդհուպ` դիմադրողաբար մոտենալու իրողությանը Հայաստանում և Սփյուռքում միշտ էլ ըմբռնումով են մոտեցել: Փորձել են ոչ միայն չնկատելու տալ, այլև ցանկացած նախաձեռնություն իրականացնելիս հաշվի առնել դրանց հնարավոր հետևանքները թուրքահայության համար: Առաջնորդող է եղել թե' մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությանը, թե' Թուրքիայում հայկական համայնքի գոյությանն ու ամբողջականությանը չվնասելու մղումը: Բայց այն, ինչ Ստամբուլում տեղի է ունենում, Էրդողանի այս ուղերձի հետ կապված, ուղղակի անթույլատրելի է դարձնում կատարվողը հերթական անգամ լռության մատնելը` ելնելով հենց ստամբուլահայերի շահերից: Ամեն ինչից երևում է, որ նրանց ակնհայտորեն փորձում են դարձնել թուրքական քարոզչության և մի քանի պատեհապաշտների եսասիրական նկրտումների զոհը:

 

Առաջին անգամը չէ, որ վարչապետ Էրդողանին Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկներ են արվում: Արդեն տևական ժամանակ է` այս գաղափարը համառորեն շրջանառվում է արդեն միջազգային մակարդակով: 2013թ. այն արտահայտեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը` հիմնավորելով դա քրդական հարցը լուծելու հարցում Էրդողանի հետևողականությունը գնահատելու անհրաժեշտությամբ: Նոբելյան մրցանակ ստանալու հարցում Թուրքիայի վարչապետի ախորժակը, հավանաբար, բացվել է Սաուդյան Արաբիայի թագավորի կողմից` աշխարհում դրական փոփոխություններ կատարելու և իսլամին ծառայելու համար շնորհվող մրցանակին 2010թ. արժանանալուց հետո: Սա հայտնի է որպես արաբական Նոբելյան մրցանակ: Եվ ստացվում է, որ իրենց կամքով կամ գուցե ստիպողաբար այս արշավին, ի դեմս շիրինօղլուների, լծվում են նաև հայեր: Նրանց միջոցով ոչ միայն բավարարվում են Էրդողանի անձնական ամբիցիաները, այլև ստամբուլահայությունը, նրա հետ միասին նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը դարձվում են, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով պայմանավորված, Անկարայի նկատմամբ միջազգային ճնշումները թուլացնելու քաղաքականության գործիքն ու զոհը: Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի խիստ կաշկանդված վիճակը և թուրքական բոլոր կառավարությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ցուցաբերելու հարկադրվածությունը հասկանալով հանդերձ` անտրամաբանական է թվում Էրդողանի ցավակցությունն «ամեն»-ով եզրափակելու հապճեպությունը: Ցեղասպանության ժխտողականությունը Ցեղասպանության շարունակում է այնպես, ինչպես կատարված հանցագործության պարտակումն է հանցակցություն, քանի դեռ դրան չի հետևել զղջումն ու հատուցումը: Առանց դրանց հանցակցի կողմից հանցագործության զոհ գնացած անմեղների հոգիների խաղաղ հանգչելու մասին խոսքը ցավակցություն չի կարող լինել, սրտացավություն չի կարող լինել: Դա հրեշավոր երեսպաշտություն է և անմեղ զոհերի հիշատակի պղծում:

 

Ինչո՞ւ է Հայոց պատրիարքարանը դա փաստացի համարում ընդունելի: Մի՞թե հարմարվողականությունը, նույնիսկ պատրիարքարանի պարագայում, սահմաններ չի ճանաչում: Եթե օբյեկտիվորեն հնարավոր չէ բողոքել, ընդվզել, հակադրվել ու պահանջել, նախընտրելին, թերևս, գոնե լռելը պետք է լիներ, արձագանքելու հարկադրանքի պարագայում` մանևրելը: Շիրինօղլուի, Էրդողանին մյուս ծափահարողների իրողության հետ կարելի է ինչ-որ տեղ համակերպվել, վերջին հաշվով համարել, որ անձնական կարծիք են արտահայտում: Բայց համայնքի դեմքը, ամբողջականությունն իրենով մարմնավորում է պատրիարքարանը, որը չպետք է կույր մոլորյալի կերպար ընդունի, հատկապես` հիմա, երբ աշխարհում սկսում է ավելի ու ավելի ուժեղ և ցինիկաբար ալեկոծվել թուրքական ժխտողական շովինիզմը:

 

Գևորգ Դարբինյան